Ապրիլի 24-ին 15 կամավորից բաղկացած խումբը դուրս է եկել քարանձավից 40 օր շարունակ մեկուսացումից հետո՝ առանց արևի լույսի, ժամացույցի, հեռախոսների: Մեկուսացումը տեղի է ունեցել գիտական փորձի րջանակներում, որն ուղղված էր մարդկային ադապտացիայի ուսումնասիրմանը:

Deep Time փորձի մասնակիցները Ֆրանսիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Լոմբրիվս քարանձավում են ապրել և չեն ունեցել կապ արտաքին աշխարհի հետ: Խումբը կազմված էր ութ տղամարդուց և յոթ կանանցից, որոնք 27-50 տարեկան էին: Ինչպես փոխանցում է BBC-ն՝ մասնակիցները քարանձավից ժպտալով են դուրս եկել, սակայն, միաժամանակ, ապշած: Նրանց ծափահարությունների են արժանացրել գիտնականներն ու դիտորդները: Մասնակիցներին արևային ակնոցներ են տվել, քանի որ նրանց աչքերը սովոր չէին արևի լույսին:

Նախագծի ղեկավարը՝ ֆրանսիա-շվեյցարացի գիտնական Քրիստիան Կլոտը նշել է, որ քարանձավում ժամանակն ավելի դանդաղ է հոսում: Ըստ նրա՝ մասնակիցներից շատերին թվացել է, թե նրանք քարանձավ են մուտք գործել ավելի քան 40 օր առաջ: կամավորներից մեկը՝ 33-ամյա Մարինա Լանսոնը, ասել է, թե «փորձը կարծես դադար լիներ իրական կյանքից»:

Մեկուսացման ընթացքում խմբի անդամներն ինքուրույն են կազմակերպել իրենց կյանքը՝ հիմնվելով միայն կենսաբանական ժամացույցի և քնի ցիկլի վրա: Քարանձավում հարմարություններ գրեթե չկային: Կամավորները քնում էին վրաններում, էլեկտրականություն ստեղծում հեծանիվի ոտնակների միջոցով և ջուր հանում 45 մ խորություն ունեցող ջրհորից:

Գիտնականները նշում են, որ փորձը թույլ է տալիս հասկանալ՝ ինչպես են մարդիկ կարողանում ադապտացվել արտակարգ պայմաններին: Կամավորների ուղեղի ակտիվությունն ու կոգնիտիվ գործառույթները նախապես ուսումնասիրվել են մինչև քարանձավ մտնելը, ինչպես նաև դուրս գալուց հետո:

«Մեր՝ մարդկանց ապագա Երկիր մոլորակի վրա էվոլյուցիայի կենթարկվի: Մենք պետք է սովորենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ուղեղն ունակ նոր լուծումներ գտնելու յուրաքանչյուր իրավիճակում», — ասել է Կլոտը: