Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։

Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 և 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նույն օրը,  մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց նաև 26-ամյա մի երիտասարդ՝ դարձյալ Երևանի բնակիչ։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Մեթամֆետամին կար նաև երիտասարդի մեքենայում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցն իրացրել էր Նուբարաշենում հաշվառված 36-ամյա մի տղամարդ, որը  նույն թաղամասի բնակիչ 39-ամյա ընկերոջ հետ ապրիլի 21-ի գիշերը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներով գազային ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նաև 36-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով 100 գրամից ավելի մեթանֆետամինի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածներից չորսը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։