Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ  հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։

2018-ի ապրիլի 23-ից հետո Հայաստանը ղեկավար չունի։  Զարմանալի է, բայց մենք երեք տարի շարունակ չհասկացանք այս պարզ, բայց ամենակարևոր խնդիրը։Մեր բոլոր պրոբլեմների հիմքում սա էր։

Էյֆորիկ զանգվածները ձայն տվեցին մի պատահականության, որը չդարձավ պետության ղեկավար։ Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր։ Հենց այդ պատճառով էր պատմական պատահականությունը իրեն պահում հանրային խուլիգանի նման՝ թշնամանք ու քաոս տարածում, հարձակվում դատարանների վրա, քրեական գործեր պատվիրում,  տապալում համավարակի դեմ պայքարը, որից հազարավոր մարդիկ մահացան ու դժբախտացան ընտանիքներ, տապալում և փակուղի բերում խաղաղ բանակցությունները,ասում՝ ինչ մտքին գալիս էր, առանց հետևանքների մասին մտածելու, հրահրում պատերազմ։ Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծվածբանակը 3 օրում չէր  վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝  գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։ Ոչ մի պետության ղեկավար այդքան հեշտ չէր մերժի պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ հասկանալով, որ դա նշանակում է մի քանի հազար նոր զոհ ու բազմաթիվ հազար նոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ։

Նա այդպես էր անում, որովհետև չէր զգում սոցիալական և պետական պատասխանատվություն, նա պետության ղեկավար չէր և ինքը դա գիտեր։Պատահականության զգացումը2.5 տարի նրա ինքնաընկալումն էր։

Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Այդպես անում են կամ օկուպանտները, կամ խունտայի ղեկավարները, կամ դրսի հատուկ ծառայություններից նշանակված կառավարիչները, օրինակ՝Պոլյանիչկոն 90-ականների սկզբին Ղարաբաղում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա՝ պատմական պատահականության կարգավիճակը, փոխվեց. Նա դարձավ Պարտության սիմվոլը։ Սարդարապատից հետո 100 տարի պարտություն չտեսած հայ ժողովրդին նա բերեց պարտություն, աղետ, ստորացում։

Նրա հրաժարականը ֆիկտիվ է։ Նա երկրի ղեկավար չէ, որ հրաժարական տա։ Նա զբաղեցնում է Պարտության սիմվոլի պաշտոնը, իսկ դրանից նա նրաժարական չի տվել։ Հիմա ընտրություններ են։ Ընտրություն՝դեռևս 2018 թվականի մարտի 23-ից թափուր մնացած ՀՀ ղեկավարի պաշտոնի  համար։

Պարտության սիմվոլը հիմա է հայտ ներկայացնում դառնալ ՀՀ 4-րդ ղեկավար։ Նրա կարգախոսն է անթասիբ ու նվաստացուցիչ խաղաղությունը։ Եվ նա բոլոր հնարավոր այլանդակությունները՝ գռեհիկ պոպուլիզմ, քրեական գործեր, ընտրակեղծիքներ, անելու է ՀՀ ղեկավարի պաշտոնին տիրանալու համար։

Ընտրության մյուս նժարին Արժանապատիվ խաղաղության և ազգային վերելքի կարգախոսն է։

Ավելի պարզ ընտրություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Ընտրում ենք՝ կամ նա, կամ սա։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ