Սահմանադրական որևէ արգելք չկա, երբ հրաժարականից վարչապետը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի ԺՊ լինելուն:

«Նախընտրական քարոզչության ընթացքում կան կանոններ, որի պարագայում պաշտոնակատարը և քարոզչություն իրականացնողը նույն սուբյեկտը չպետք է լինեն, բայց վարչապետը շարունակում է կատարել իր պարտականությունները»,-ասաց իմքայլական պատգամավորը:

Անդրադառնալով՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չի կարող մնալ վարչապետի ԺՊ, պատգամավորն արձանագրեց, որ նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել.
«Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ փուլում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզի մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններըուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո: