ArmDaily.am-ի տեղեկություններով` «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներից մեկը օրերս մահացել է։ Աղջիկը 19 տարեկան էր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ArmDaily.am-ին ասաց, որ մահացողը ի ծնե տուբերոսկլորոզ է ունեցել։ «Պետք է նշել, որ այդ հիվանդությունը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի հետևանքով ախտահարվում են հենց թոքերն ու երիկամները։ Հիվանդության հետևանքով ախտահարված են եղել աղջկա թոքերը և երիկամները։ Մահն արձանագրվել է հենց երիկամային անբավարարվածությունից»։

Նա տեղեկացրեց, որ հիվանդությունը երեխայի մոտ ի ծնե է եղել, հենց այդ պատճառով էլ ծնողները ցանկություն էին հատնել, որ նրա խնամքը հանձնվի մանկատանը։

«Աղջիկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում։ Այդ ընթացքում աղջկան տեսակցել են մայրը, տատիկը և մյուս հարազատները։ Նրանք բոլորը երեխայի առողջական վիճակի մասին տեղյակ են եղել, հիվանդության մասին՝ նույնպես»։

Նա տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությանը տեղյակ են պահել, կատարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։