Ադրբեջանական ջիպեր կարելի է տեսնել Սյունիքում՝ հենց սյունեցու պատշգամբից կամ Գորիս-Կապան տանող ճանապարհին…

Երբևէ անցե՞լ եք հայրենիքի գրկով՝ հենց ափերի միջով, ու մի պահ քարացել… Քարացել այն պահին, երբ հանկարծ այդ հարազատ գրկում տեսել եք մի շատ օտար իր, օրինակ, ադրբեջանական դրոշ, ադրբեջանցի զինվորական կամ պաստառ՝ «բարի գալուստ, Ադրբեջան» վերտառությամբ: Երբ կպատկերացնեք այս պատկերն ու ոչինչ չեք հասկանա, մի անգամ նստեք մեքենան ու շարժվեք դեպի Սյունիք՝ Գորիս, Կապան կամ Մեղրի, որը, ինչպես ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը, «հայրենիքի մի բուռ չէ»:

2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Գորիսից Կապան տանող ճանապարհի՝ Որոտան ու Շուռնուխ գյուղերի տարածքում, ավելի, քան որևէ այլ տեղ, կարելի է քեզ զգալ հայ, որը ոչ միայն հպարտ չէ, այլև գլխիկոր է, վախեցած, վտանգված, անհասկանալի զգացողություններով: Ճանապարհի մի կողմում ադրբեջանական պաստառներ են, դրոշներ ու ադրբեջանցի զինվորականներ, մյուս կողմում՝ հայկական տներից կախված տեսախցիկներ՝ միակ իրն այսօր, որ ապահովության ինչ-որ նշույլ է արթնացնում:

«Այսօր ամեն մի երրորդ դասարանի երեխան էլ հասկանում ա՝ որտեղ ա ականապատված եղել, որտեղ ա ականազերծում կատարվել, որտեղ ա թուրքը, որտեղ ա թշնամին: Բայց ավելի փոքրը կարող ա, չէ՞, էդ նույն փողոցը հատի, անցնի գնա, ասենք, մառախուղ ա, կամերաները չեն նկարել… «չի անցել էդ երեխան ստեղ»… ու ես ծնկներից խփեմ, ո՞ւմ դիմեմ»,- իրավիճակը նկարագրում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները չի ստանում պատկան մարմիններից։

Երբ ցանկություն ունենաք իշխանության ներկայացուցիչների՝ «Սյունիքն անվտանգ է» արտահայտության «իսկության» վերաբերյալ համոզում ձեռք բերել, այցելեք Սյունիք ու փորձեք ձեզ անվտանգ զգալ:

«Հեն ա, նայեք, ադրբեջանական ջիպ ա… Շատ մոտ են դիրքերը, անվտանգության կանոնները դա ա մենակ խախտում: Նեյտրալ զոնա չկա: Դու չես կարա ապրես մի տեղ անվտանգ, որ դիմացդ՝ 100 մետր,  ոչ թե բնակիչ ա, այլ զինված ուժեր են՝ մուսուլմանական, Թուրքիայի բանակ, իրանք են: Ու ինչ-որ ցինիկավարի ինչ-որ դրոշներ են դնում… դա ժողովրդին սարսափի մեջ պահելու ձև ա…

Սյունիքը․․․ որ ասենք՝ անվտանգությունը ապահովված ա, ո՛չ, անվտանգություն չկա… Տատս պատերազմ տեսել ա, հերս տեսել ա, ես տեսել եմ, տղաս Ապրիլյան պատերազմին մասնակցել ա, իմ թոռս տեսնալու ա: Սրանց հետ հնարավոր չի մոտեցում… Թուրքի գաղափարը, պանմուսուլմանիզմի գաղափարը ոչ թե ինչ-որ զիջումների գնալն ա, հային սիրելը, այլ ինչ-որ հերթական մի բան կորզելը: Հետո, մի սերունդ հետո նորից կկորզի»,- իրավիճակը ներկայացնում էր Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Սյունիք համայնքի բնակիչ Սամվել Հարությունյանը, ում ամեն օր՝ իր տան դուռը բացելիս և պատշգամբից նայելիս՝ նախ «բարևում» են ադրբեջանական մեքենաները:

 

Սյունիք համայնքում մարդիկ ամեն օր քնում-արթնանում, աշխատում ու տուն են կառուցում ոչ թե վաղվա, այլ օրվա հանդեպ վախի զգացումով, որովհետև ոչ այսօրը, ոչ էլ, առավելևս, վաղվա օրն ապահով չէ:

«Ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մի մարդ, որը կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում մենք անվտանգության հետ կապված խնդիր ունենք, շատ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներին պետք է տրվեն լուծումներ: Իսկ որ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվում, մենք նաև դա մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք տեսնում»,- Գորիսում 168.am-ի նկարահանող խմբին պատմում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, իսկ մարդու ողնաշարը, ինչպես կարելի է գտնել բժշկական դասագրքերում, մարմնի հենարանն է, ամբողջ մարմնի առանցքը, որը կապում է մարմնի մասերը, կատարում պաշտպանական ֆունկցիա ողնուղեղի համար: Ըստ բժիշկների՝ առողջ ողնաշարը լիարժեք կյանքի գրավականն է:

Լիարժեք Հայաստան ունենալու համար գուցե պետք է յուրաքանչյուր հայ մեկ անգամ այցելի Սյունիք՝ տեսնելու Սյունիքի «անվտանգությունն» ու «առողջությունը», հարցեր տալու, պատասխաններ ստանալու կամ անպատասխան մնալու…

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում