Վարչապետի հրաժարական տալու հայտարարությունից հետո տարբեր անձանց, այդ թվում և իրավաբանների կողմից տարաբնույթ հայտարարություններ, մեկնաբանություններ են արվում վարչապետի հետագա պաշտոնավարման հետ կապված՝ մինչև նոր կառավարության կազմավորումը։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր հանրապետության հրապարակի հարթակից հայտարարել, որ վարչապետի հրաժարականից հետո, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չի լինում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը չի հիշում 2018 թվականին հանրապետության հրապարակի հարթակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Պատգամավորը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ չի էլ տեսել այսօր համացանցում հայտնված Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության տեսագրությունը ու ժամանակ չունի էլ ծանոթանա դրան:

Փոխարենը պատգամավորը պնդում է՝ Սահմանադրության համաձայն Փաշինյանը հրաժարականից հետո կարող է կատարել վարչապետի պարտականությունները. «Ես հիմա կարդում եմ Սահմանադրության 158 հոդվածը՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը, կարծում եմ՝ շատ հստակ գրված է»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ համոզված է, որ կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը։ «Խոսքը չի գնում կառավարությանը անվստահություն հայտնելու, կառավարության ծրագիրը չհաստատելու, նոր Ազգային ժողով կամ նոր նախագահ ընտրվելու դեպքերի մասին, երբ կառավարության հրաժարականը տեղի է ունենում օրենքի ուժով, հասկանալի է, որ այդ դեպքում վարչապետը կարող է մնալ պաշտոնակատար, որ չկորի պետական կառավարման արդյունավետությունը: Լրիվ այլ դեպք է, երբ նա կամավոր հրաժարական է տալիս, մարդը հրաժարվում է այդ պաշտոնից…Իմ ընդդիմախոսները, որ հիշատակում են, թե կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, դա հօոգուտ իմ դիրքորոշման է, որովհետեւ դա այն միակ դեպքնէ , երբ խոսքը գնում է՝ ոչ թե կառավարությունն է շարունակում գործել, այլ՝ կառավարության անդամները: Քանի որ վեճը կարող է անվերջ գնալ, իրավունք ունեն դիմել սահմանադրական դատարան, որն էլ դրա վերջնական պատասխանը կտա»,- մեզ հետ զրույցում ասաց Աթանեսյանը։

Մեր դիտարկմանը, թե 2018-ին էլ էր վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները կատարել, բայց այդ ժամանակ այսքան աղմուկ չբարձրացավ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք հիշեք 2018-ի աշունը, ամբոխները խելագարված հոշոտում էին նորմալ մարդկանց, իմ մտքով էլ չէր անցնում խոսել, որովհետեւ հասկացել էի, որ ազգս՝ հոգեխանգարմունքի մեջ իր համար կուռք է ընտրել, իրավաբանությունից խոսելու իմաստը որն էր» :

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները կատարելու Փաշինյանի նպատակը վարչական ռեսուրսը ձեռքից չփախցնելն է. «Որ կարողանա վարչական ռեսուրսն օգտագործել ընտրությունները կեղծելու համար: Հայաստանի տարածքում երբեւէ այլ տեսակի ընտրություններ տեղի չեն ունեցել, որ ես հույս ունենամ, որ սա այդպիսին չի լինի»:
Վահագն Հովակիմյանն այդպիսի խոսակցությունները համարում է շահարկում. «Վարչական ռեսուրսի չարաշահումը օրենսդրությամբ արգելված է, վարչական ռեսուրսի հետ կապված կարգավորումները հստակ սահմանված են Ընտրական օրենսգրքով, եթե կլինի որեւէ օրենքի խախտում, օրենքսվ սահմանված կարգով կարող են բողոքարկել, խախտում կատարած անձը կենթարկվի պատասխանատվության»:

Irakanum.am