Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը մարմնի  տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գևորգ Դարբինյանը:

Մինչ Գյումրու բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի և ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ, տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց և ոմն քաղաքացու միջև Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի  է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել:
Կարճ ժամանակում Շիրակի մարզի ոստիկանները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ  ապրիլի 25-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում:

Փաստի առթիվ Կումայրիի ոստիկանության հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: