Սյունիքի մարզի Արավուս գյուղի դիրքերից ետ կանգնելու մասին Մանախի` Արթուր Այվազյանի հայտարարությունից հետո նրան են այցելել ՌՈ, ապա՝ ՔԿ ծառայողները։ Այս մասին հայտնել է ինքը՝ Մանախը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ նշելով, որ քաղաքական իշխանությունները վերջապես որոշում են կայացրել պաշտպանության տակ վերցնել գյուղը՝ զինել գյուղացիներին, տարածքում տեղակայել ԶՈՒ ստորաբաժանումներ։

Նա հայտնել է, որ այցելած ՌՈ ծառայողներին ցույց է տվել, թե ինչ է կատարվում, եւ խնդիր է դրվել նրանց առաջ, որ Արավուս գյուղ պետք է մտնեն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, ձևավորվի աշխարհազոր, որի միջ կմտնեն գյուղացիները եւ կվարձատրվեն։

«Մենք հասել ենք նրան, որ ցանկացած անպաշտպան տարածք մենք պաշտպանելու ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական որոշում է կայացվել՝ Արավուս գյուղը ԶՈՒ պաշտպանության ներքո անցկացնելու ։

«Զգուշացրել եմ՝ Աստված մի արասցե, այն չոբանին, որ երկու անգամ հետ բերեցինք, փորձեն տանել, հանկարծ մի երեխա վիրավորվեց, հանկարծ թուրքը կրակոց արձակեց՝ խմբով շարժվելու ենք այնտեղ»,- նշել է Մանախը։