Անցած շաբաթ ապրիլի 19 -ին և 20-ին տեղի է ունեցել ԱլԳ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Տեղի են ունեցել 4 հանձնաժողովների նիստեր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ հարցերով, որտեղ ելույթներ են ունեցել նաև հայաստանյան պատվիրակության անդամները: Այս մասին այսօր ԱԺ-ում Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Պատգամավորի խոսքով՝ նիստերին հատուկ ուշադրություն է դարձվել հայ ռազմագերիների վերադարձի հարցին.
«Այս հարցի շուրջ մեր եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս։ Ոչ միայն մեր պատվիրակները, այլ նաև Եվրոպացի մի շարք պատգամավորներ իրենց ելույթներում նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պայմանավորվածությունները»,- ասաց Ենգիբարյանը։

Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ նիստերին Ադրբեջանի Մեջլիսի նախագահը ելույթ չի ունեցել, ինչը հուշում է, որ Ադրբեջանը գոհ չէ Եվրանեստի աշխատանքով:

«Նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել:Ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են իրենց բառապաշարով վնասել Հայաստանի շահերը, ինչը, ըստ պատգամավորի, նրանց չի հաջողվում»,- ասաց պատգամավորը։