Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը կրկնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից պահվող գերիներն ու պատանդները պետք է ազատ արձակվեն:

Ապրիլի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Ժան-Բատիստ Լեմուանն ասաց, որ իր այցի ընթացքում (իսկ սա վեցերորդ եւ վերջին հինգ ամսվա ընթացքում երրորդ այցն է) հանդիպել է գերիների հարազատների հետ եւ այցելել Եռաբլուր: Հայաստանի Ֆրանսիական համալսարանի տասնմեկ ուսանողներ են զոհվել պատերազմում, այդ թվում՝ Շանթ Նավոյանը, ում գերեզմանին Եռաբլուրի պանթեոնում այցելել է Լեմուանը: «Բոլորը երիտասարդ էին եւ ներկայացնում էին Հայաստանի ապագան: Ուժեղ ցավ ես զգում, երբ գերեզմանաքարի վրա տեսնում ես ծննդյան տարեթիվը՝ 2001-2002 թվականներ: Մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնել ընտանիքներին»,- ասաց Լեմուանը:

Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ շեշտադրվում է միջազգային նորմերին համապատասխան գերիներին եւ կալանավորվածներին վերադարձնելու պահանջը: «Հանդիպման ընթացքում ես հնարավորինս մանրամասն հարցրի, թե վերջին անգամ երբ է հարազատը կապ հաստատել»,- նշեց Լեմուանը՝ հավելելով, որ Ֆրանսիան միշտ ձգտում է Հայաստանի կողքին լինել: «Նախագահ Մակրոնը արեւմտյան առաջին առաջնորդներից էր, եթե ոչ առաջինը, ով իրերն իրենց անունով կոչեց՝ հայտարարելով Ադրբեջանի տարածք սիրիացի վարձկանների տեղափոխման մասին»,- ընդգծեց Ժան-Բատիստ Լեմուանը: