Այսօր առանձնահատուկ օր է, եւ այն հագեցած էր: Այս մասին ապրիլի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:

Լեմուանը նշեց, որ ինքը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: «Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ դարավոր կապ կա: Լեւոն VI Կիլկիացին թաղված է Սենթ Դենիում: Սա խոսում է կապերի խորության մասին: Այսօր խոսքը բոլոր ոլորտներում հարաբերությունների մասին է՝ սկսած կառավարություններից եւ խորհրդարաններից մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններ»,- նշեց պետքարտուղարը: Նա հայտնեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով երրորդ համաժողովը կանցկացվի մինչեւ տարեվերջ՝ Էջմիածնում:

Պետքարտուղարը հայտնեց, որ երեկ հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի ու վարչապետի հետ, իսկ այսօր նախատեսվում է հանդիպում նախագահի հետ: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Անդրադարձ է եղել նաեւ առաջնահերթ ֆինանսական խնդիրներին: Ժան Բատիստ Լեմուանը նշեց, որ վերջին հինգ ամսվա ընթացքում սա արդեն իր երրորդ այցն է: Նոյեմբերին նա ուղեկցում էր մարդասիրական չվերթներն ու բժշկական սարքավորումները, հունվարին նա հատուկ առաքելությամբ եկել էր նախագահ Մակրոնի կողմից: Հաշվի առնելով աշխատանքի ծավալը, սա հաստատ վերջին այցը չէ Հայաստան, հավելեց Լեմուանը: