Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել ապրիլքսանչորդյան ուղերձով՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայ բնակչի համակարգված բնաջնջումը: Վերջինիս հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ ոգեկոչելով նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են կորցրել և տառապել են հայ ժողովրդի դեմ իրականացված իմաստազուրկ գործողությունների հետևանքով: Մենք հարգանքի տուրք են մատուցում նաև նրանց ժառանգներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այս ողբերգության պատճառած ցավով, կորստով և տրավմայով:

Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց աշխարհին բաժանման, բացառման և ատելության բարձր գինը: Կանադան վճռականորեն ընդդիմանում և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության պաշտպանության հարցում և շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ նման վայրագություներ այլևս երբեք տեղի չեն ունենա:

Շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ամրությամբ և ոգով, որը դիմագրավել է աներևակայելի դժվարությանը և հույս ունենք, որ առավել խաղաղ ապագա կտեսնենք վաղը:

Այս սոսակալի տարելիցին կոչ եմ անում բոլոր կանադացիներին ոգեկոչել զոհերի հիշատակն ու հիշել Հայոց ցեղասպանության սարսափները վերապրածներին: Մենք կշարունակենք հարգել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով ամենաարժեքավորը և աշխատելով աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ»: