Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, ստանդարտ մեր թեզերի, մի փոքր աղճատված  և որոշ սխալ ձևակերպումների ամբողջություն է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագորղների հետ զրույցում ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այդ ուղերձի մեջ մենք տեսնում ենք ոչ թե մեր պետության և պետականության համար ընդունելի և մշակված թեզեր, այլև բացահայտ սխալներ։ Օրինակ՝ թե ովքեր են մեղավոր ցեղասպանության մեջ,  պատասխանը հստակ է` օսմանյան կայսրության երիթթուրքական կուսակցության կառավարությունը։  Սա ամենամեծ սխալներից է, որովհետև ցեղասպանությունը թուրքական պետության մտածողության հիմքում է և մինչև երիթթուրքերը, և երիթթուրքերից հետո, ընդհուպ մինչև մեր օրերը: Այսինքն՝ դա պետական մտածողություն է,  և 100 տարուց ավել տևած մտածողությունը, ներկայացնել որպես երիթթուրքերի կառավարման 10 տարվա ընթացքում եղած մոտեցում, դա սխալ է»,- ընդգծեց թուրքագետը:

Մելքոնյանը խոսքով, այն պայմանները, որոնք մեր պետությունը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, հենված են տարատեսակ խնդիրների վրա:

«Պետք է ներկայացնել պետականության դիրքորոշում, ոչ թե այս կամ այն իշխանության: Ուստի պետականության գաղափարին հավատարիմ, այն բացառիկ կարմիր գծերը, որոնք կան մեր պետականության համար պետք է շարունակվեն, իսկ դրա շուրջ արվող միտումնավոր, կամ չգիտակցված վերաձևակերպումները անթույլատրելի են»,- նկատեց նա:

Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ նախագահ Բայդենն ամենայն հավանականությամբ, այդ իրադարձություններին կտա իրավական գնահատական՝ այն անվանելով ցեղասպանություն:

«Դրանից հետո իրավական շատ մեծ հետևանքներ ես չեմ ակնկալում, բայց այն փաստը, որ աշխարհի գերտերություններից մեկը` նախագահի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի մակարդակով, գնահատական է տալիս, այդ իրադարձությունները որակելով, անվանելով՝ ցեղասպանություն, սա առնվազն կարող է ունենալ  քաղաքական և քարոզչական նշանակություն: Նաև, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հայտարությունը այլ պետությունների համար կարող է կողմնորոշիչ լինել»:

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, ճիշտ քայլեր անելու պարագայում, կարող ենք մեր քաղաքականության մեջ նաև օգտագործել ԱՄՆ-ի այս դիրքորոշումը։

«Ուզում եմ մեր հասարակությանը կոչ անել էմոցիոնալ մոտեցումը հնարավորինս նվազեցնել, քանի որ գերտերության նախագահի կողմից այդ տերմինի կիրառումը չի նշանակում Թուրքիայի համար որևէ պատասխանատվություն, չի նշանակում, որ վաղը վերականգնվելու է արդարությունը։ Մենք ունենք նման նախադեպեր, որ մեկ այլ գերտերություն Ռուսաստանը վաղուց ճանաչել է ցեղասպանությունը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն առիթով օգտագործում է ցեղասպանություն տերմինը: Սակայն, դրանից հետո ոչ ռուս-թուրքական հարաբերություններ են էապես փոխվում, ոչ էլ հայկական պահանջատիրությունն է  հասնում իր տրամաբանական հանգրվանին: Բայց, միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ  այս հարցը, ինչ խոսք,  շատ կարևոր է հետագա մեր քայլերի համար»,-եզրափակեց Մելքոնյանը: