Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Նախաքննական մարմինը քաղաքապետին մեղսագրել է խուլիգանություն, որը իրականացվել է կազմակերպված խմբի կազմում՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել և երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել Մխիթար Զաքարյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով փաստաբանի բողոքը։ Նշենք, որ մինչ դատարանը քննության կառներ Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով։

Ապրիլի 21֊ին սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել եւ հրապարակավ պատժել։

Բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ ՔԿ֊ն ութ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։