Լուսահոգի Ռոզա տատիկիս պատմածը։ 1920 թվականին թուրքերը հարձակվել են գյուղերի վրա, ներխուժել նաև մեր Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան, Հայրենյաց /այն ժամանակ Սոնգյուռլի /գյուղ:

Մինչ այդ, մոտալուտ վտանգը զգալով, մեր գյուղացիները թաքնվել են գյուղում գտնվող ձորակի մոտ գտնվող քարանձավներում։ Թուրքերը թալանել են հայերի, մեր գյուղացիների տները, գոմերը, ոսկեղենը, անասուններին, ունեցվածքը, այնուհետև փնտրել ու գտել են քարանձավներում պատսպարվածներին՝ 80 երիտասարդների, ծերերի, երեխաների ու կանանց, և գերեվարել։ Հորական տատիկիս, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Մնացականի Բաղդասարյանի մորեղբայրը՝ Գևորգ Հովսեփյանը, ով զինվորական էր (եկել էր Սարիղամիշից), լսելով համագյուղացիների, նրանց մեջ նաև հարազատ եղբոր Հուսիկի գերեվարման մասին, միանգամից շտապել է գյուղ՝ օգնելու թուրք հրոսակների ճիրաններում գտնվողներին։

Գևորգը խնդրել է, որ գոնե երեխաներին ու կանանց չվնասեն, սակայն, ցավոք, թուրքերը անդրդվելի են եղել, չեն լսել նրան։ Գևորգին չի հաջողվել փրկել հարազատ եղբորը՝ Հուսիկին, ով ավարտելով Դորպատի համալսարանը, վերադարձել էր հայրենիք, նա տիրապետում էր ութ լեզուների /երկու եղբայրներն էլ Ռոզա տատիկիս մորեղբայրներն էին/։

Անողոք թուրքերը մեր գյուղի քարանձավներից մարդկանց հանել ու կապված վիճակում տարել են Ջաջուռ գյուղի մոտակայքը, դաժանաբար կոտորել, սպանել, այրել ու գլորել սարից մոտակա Հերհերի /Ջարդի/ ձորը։Եղել են զինված 6 ասկյար ու մեկ թուրք փաշա։ Ջաջուռի ճանապարհին թուրք ասկյարի կողմից ձիու վրա թիկունքից սպանվել է նաև Գևորգը, ապա դիակը կապել են ձիուց և քարշ տալով տարել, նույնպես գլորել ձորը։ Ընդհանուր մեր գյուղից տարել կոտորել են 80 հոգու, այդ թվում Գևորգ և Հուսիկ Հովսեփյան եղբայրներին։ Ձորից գլորված դիակներն այնքան շատ են եղել, որ նույնիսկ ողջ մարդ է մնացել, մեր գյուղից Խանաևը, ով հրաշքով էր ողջ մնացել, նա թևը ջարդված մնացել էր դիակների տակ, երբ վտանգը անցել է, նկատել է թուրքերի հեռանալը, սողեսող, մի կերպ Ջաջուռից փախել ու հասել է գյուղ։ Իր սեփական աչքերով տեսած սահմռկեցուցիչ դեպքերի մասին նա պատմել է հայրիկիս՝ Գևորգի պապին Մագանին /Մնացական/։ Ահազդու տեսարանների սարսափից Խանաևի լեզուն կապ է ընկել, սակայն ապրել է մինչև 1949 թվականը։

Թուրքական յաթաղանի զոհ դարձած Գևորգ Հովսեփյանի ընտանեկան ալբոմում մի լուսանկար կա, որտեղ Գևորգը պատկերված է իր ընտանիքի հետ, շատ յուրահատուկ պատմություն ունի։

«Գևորգի աղջիկը՝ Հեղինեն, այդ լուսանկարը թուրքերից թաքցրել է քարանձավում և միայն 10 տարի անց է համարձակվել հանել այն, պատմում է հայրս՝ Գևորգի թոռը, ով կրում է նրա անունը, ոստիկանության վաստակաշատ սպա Գևորգ Սարգսյանը։ Հեղինեն այդ նկարը քարանձավից հանել-տվել է մորս, իր Ռոզա հորաքրոջը, մայրս էլ ինձ է հանձնել, ասելով. «Ես կմեռնեմ-կգնամ, բայց կգա մի ժամանակ, որ դու կկարողանաս պատմել բոլորին պապիդ ու նրա հետ կապված ողբերգական պատմության մասին։ Գևորգ Սարգսյանը չի ցանկացել ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող այս պատմական լուսանկարը հանձնել նույնիսկ Ցեղասպանության թանգարանին ու պահպանում է այն, որպես մեծ գերդաստանի, թեկուզ ցավոտ, հիշողությունների Սուրբ մասունք։

 

 

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գյուղ Հայրենյաց