ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, որոնք ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն:
Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հրապարակումները վերջին օրերին ամերիկյան մամուլի գլխագրերում են՝ հղում կատարելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին: