Արգենտինական Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի նախարար Ֆելիպե Սոլան տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ 2007 թվականից ի վեր Արգենտինան ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Մենք սա անում ենք՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից։ Առաջին հերթին, այն հարգանքի տուրքը, որը աշխարհի բոլոր տղամարդիկ և կանայք պարտավոր են տալ այս ահռելի ողբերգության զոհերի հիշատակին։ Երկրորդ հերթին, որովհետև ունենք շատ կարևոր հայկական համայնք, որի ներկայացուցիչներից շատերը եկել են հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակից հետո, ապաստան են գտել Արգենտինայում։ Նրանք մեզ շրջապատող մարդկանց տատիկներն ու պապիկներն են։ Եվ դա արել են՝ բերելով իրենց մշակույթը, ավանդույթները, իրենց աշխատելու կարողությունը և դժվարին իրավիճակներին հարմարվելու ունակությունը։ Եվ նրանց ժառանգները եղել են գերազանց մասնագետներ, հետազոտողներ, մարզիկներ և շարունակում են լինել այդպիսին։ Մեր ժողովուրդների միջև կա եղբայրական բարեկամություն»,- նշել է Ֆելիպե Սոլան։

Նա ընդգծել է, որ Արգենտինան կարևորում է դիմացինի, բազմազանության, այլոց գաղափարների հանդեպ հարգանքը։

Սոլան նշել է, որ իրենք մշտապես ջանասիրաբար պայքարել ենք հանուն այն բանի, որ չլիներ անպատժելիություն նրանց նկատմամբ, որոնք ոտնահարել են մարդու իրավունքները։

«Սա անում ենք հանուն հիշողության, որն այդ պայքարի ամենակարևոր տարրերից մեկն է։ Այդ պատճառով, այս ապրիլի 24-ին չենք ուզում մոռանալ հայ ժողովրդին, Ցեղասպանությունը և ուզում ենք, որ այդ հիշողությունը ծառայի, որպեսզի այլևս երբեք ստիպված չլինենք այդպես լուծելու տարաձայնությունները կամ ականատես լինելու աշխարհում դրանց լուծմանը այդպիսի միջոցներով։

Անկախ նրանից, որ դա ուտոպիստական է, մենք ընդմիշտ ինքներս մեզ պարտք ենք այդ պայքարը։ Ցանկանում եմ սիրելի հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում»,- եզրափակել է Ֆելիպե Սոլան։