Ermenihaber.am
-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Սաիթ Չեթինօղլուի հետ:

Սաիթ Չեթինօղլուն մեկն է Թուրքիայում ապրող այն եզակի պատմաբաններից, ով անվերապահորեն ընդունում ու դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստը, խստորեն քննադատում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ներկայիս հայասպան քաղաքականությունը։

Հարցազրույցում Չեթինօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

— Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ձեր մտորումները կկիսե՞ք մեզ հետ։ Հատկապես 2020-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայության դեմ իրականացրած պատերազմից հետո։

— Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը նշանավորվեց նրանով, որ հայությունն իր պատմական հողերում «մեծ մարդկության» աչքերի առջև ևս մեկ անգամ բռնության ենթարկվելով ոտնակոխ եղավ և մարդկության այդ անիծյալ լռության ուղեկցությամբ իր պատմական հայրենիքից զրկված լինելու սգին հիշատակման արժանի ևս մեկ սգալի պատմական իրադարձություն ավելացավ… Մարդկությունը ծնկի եկավ Ադրբեջանի նյութական ուժի ու փողի առջև։

Այնպես, ինչպես հարյուր տարի առաջ միլիոնավոր մարդիկ անորոշության մատնվեցին, այսօր էլ նորից տասնյակ հազարավոր մարդիկ անմարդկային ու դաժան բռնության ենթարկվելով նույն անորոշության զոհը դարձան և սա իրականություն է։

Այս տեսանկյունից կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա՝ ի զորու է մեկը մյուսին թև ու թիկունք լինելով  հաղթահարել այս անդունդը։ 1909-ի Կիլիկիայի կոտորածներից հետո Զաբել Եսայանի խոսքերը հիմա էլ արդիական են. «Եթե որբ ենք, մեկս մյուսի ընտանիքը լինելուց զատ այլ ճար չունենք»։

— Թուրքիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությունն այս առումով ի՞նչպես է ընթանում։ Բացեիբաց ժխտումից մինչև «ընդհանուր ցավի» տեսություն զարգացրած ուղուց հետո թուրքական պետությունն ի՞նչ մոտեցում կորդեգրի։

— Այս օրերին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և  «Թուրքական պատմագրական ընկերության» (TTK) գլխավորությամբ դարձյալ ժխտողական մի համաժողով են իրականացնում։ Այս անգամ ավելի հաղթական, ավելի հպարտ…

Ընդհանուր ցավ… կամ էլ ցավերը մրցակցության մեջ դնելը իրականում ժխտողականության ամենացավալի դրսևորումն է։ Սա հասկանալու ժամանակը եկել և անցել է։ Կարիք չկա ավելորդ միամտության ու ապուշության։

Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում «Թուրքական պատմագրական ընկերության» և Բարձրագույն կրթության խորհրդի գլխավորությամբ համալսարանները կենտրոնացված ուղղորդմամբ ժխտողականության ինստիտուցիոնալացման համար մեծ ջանքեր են գործադրում։ Այս ուղղորդման շրջանակներում ամենևին չենք չափազանցնի եթե ասենք, որ ամենախուլ գյուղի դպրոցն էլ անգամ ետ չի մնում ցեղասպանության ժխտմանը միտված միջոցառումներ կազմակերպելուց։

Չենք կարող չնշել նաև, որ նմանատիպ միջոցառումներում աչքի ընկնելը, կամ պաշտոնական թեզերը կրկնող 1-2 էջանոց ելույթով հանդես գալը մարդկանց կարիերայի բանալին է շատ անգամ դառնում։

Առանց վարանելու կարող ենք ասել, որ ժխտողականության ինդուստրիա է ձևավորվել։ Բոլորը գիտեն, որ այս ինդուստրիան արտաքին առաքելության պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների կոորդինացմամբ է կազմակերպվում։ Լոբբի անվան տակ «օրինականացված» այս գործունեության բյուջեն բավականին մեծ է։ Անցյալում հարգարժան պատմաբան Դոնալդ Քվաթերթին 400 միլիոն դոլար էին առաջարկել թուրքական թեզերը պաշտպանելու համար, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաղլայանգիլը հայկական քաղաքական կուսակցություններին կաշառելու փորձ էր արել ասելով. «Ցեղասպանությունից հրաժարվեք, որքան փող ուզում եք կտանք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում