«Հասարակությունը կտրուկ դժգոհություն ունենալով նախկին իշխանություններից, հիմնականում շատ մեծ հույսեր էր կապում «Մերժիր Սերժին» կարգախոսով այսպես կոչված հեղափոխությունից։ Բայց ընդամենը շատ կարճ ժամանակ անց հասարակության որոշ շերտի համար շատ արագ պարզ դարձավ, որ դա դասական գունավոր հեղափոխություն կոչվածն էր, և մենք մերժելով Սերժին ձեռք բերեցինք ոչ միայն նույն Սերժի օրոք ամենաարատավոր բարքերն ու վարքերը, որոնք ուներ նախորդ իշխանությունը և այս իշխանությունը ժառանգելով դրանք ավելի կատարելագործեց»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը,պատասխանելով այն հարցին, թե ուղիղ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց,արդարացան արդյո՞ք հասարակության սպասելիքները։ Խոսքն ըստ քաղաքագետի՝ խնամի, ծանոթ, բարեկամ պրակտիկային է վերաբերում, արագաչափերին, կարմիր գծերին և այլ խոստումներին, որոնք տալիս էր Փաշինյանն ու իր թիմը։ «Եղբորորդի, քավոր, քավորի եղբայր, աներձագ, իր թերթի խմբագրության բազմաթիվ աշխատակիցներ այսօր և գործադիրում և օրենսդիրում իշխանությունում են և աչք են ընկնում իրենց յուրահատուկ անգրագիտությամբ և տարատեսակ անհասկանալի մտքերով»,- ասաց Համբարյանը։

Նույն իրավիճակն է կապված նաև հովանավորչության հետ։ «Դուք երեք տարվա ընթացքում տեսաք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկին բերեր հրապարակ և ասեր, այ սա Սաշիկ Սարգսյանի 50/50-ի զոհերից մեկն է։ Սա այն կարգախոսներից մեկն էր, որին հավատացել էր հասարակության մեծ մասը և սրտատրոփ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանի նման «արդարամիտը» իշխանության գալով կարող է բացահայտել նախկինների հանցագործությունները»,- ասաց Համբարյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պրիմիտիվ խափելով մարդկանց եկել է իշխանության։ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանին իշխանության բերած ուժերը շատ լավ տիրապետել են հասարակության լայն շերտերի ցանկություններին, կրթական մակարդակին, խաղացել են մարդկանց նուրբ լարերի վրա։ Անցնող երեք տարվա ընթացքում Փաշինյանի տված ոչ մի խոստում չի իրականացել, ավելին, օրինակ արագաչափերի թիվն է ավելացել։

Այս ամենից զատ, ըստ քաղաքագետի արտաքին քաղաքականությունում ևս գործող իշխանությունը տապալվել է, որի վկայությունը Արցախյան պատերազմի խայտառակ ելքն էր՝ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ երեք տարի անց հասարակության լայն շերտերը նույն մեթոդներով ու եղանակով մերժում են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, ապա քաղաքագետն ասաց, թե գործում է բումերանգի էֆեկտը։ «Դա կյանքի օրենքն է, բայց այս իշխանությունը, այդ ծաղկեպսակները, սև լենտերը կապելով ողջ- առողջ մարդկանց տների մոտ, պետք է հասկանար, որ գործում է բումերանգի օրենքը։ Երբ, որ նույն Ալեն Սիմոնյանը հիմա վրդովված դա անվանում է անբարոյականություն, ինքը թող հիշի, թե ինչպես էր հրճվում, երբ իր թիմին իշխանության բերած որոշ ճիվաղներ, էդ նույն սև լենտերը կապել էին Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Սամվել Ֆարմանյանի տների մոտ։ Նույն Ալեն Սիմոնյանը չէր հասկանու՞մ, թե այդ սև լենտերը, ինչ սարսափելի հոգովիճակի մեջ են գցում նույն մարդկանց ընտանիքի անդամներին, ընկերներին»,- նշեց Համբարյանը։ Նա հիշեցրեց, որ ժամանակին խիստ քննադատել է նախկին իշխանություններին, բայց կարմիր գծերը անցնելով, այսօրվա իշխանությունը պետք է սպասեր՝ այս իրավիճակին։ Միաժամանակ Համբարյանն ասաց, որ իհարկե չի ողջունում պայքարի այս ձևը, բայց կարմիր գիծը առաջինը Փաշինյանն ու իր թիմն են անցել։ «Այն, ինչ իրենք արել են, հազարապատիկը իրենց պետք է վերադառնա»,- ասաց նա։

Irakanum.am