«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով:

«Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում եւ ծանոթացել աշխատանքի ընթացքին:

ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Մինչ այդ ամփոփվել են դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, ինչպես նաեւ շենքի հիմքերի ուժեղացման եւ ամրացման մետաղական ցանցի ու պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները: Ներկայում ընթանում են են տանիքի եւ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Ընթացքում են նաեւ ջրամատակարարման եւ օդափոխության համակարգի մոնտաժման, ինչպես նաեւ  դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:

Նույն ծրագրի շրջանակում ԾԻԳ ներկայացուցիչները եղել են նաեւ Երեւանի Տ. Գ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում, որը եւս հիմնանորոգվում է: Նրանք ուսումնասիրել են կատարված շինարարության որակը՝ արձանագրելով, որ իրականացվել են բոլոր մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաեւ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման եւ ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման ու տեղակայման աշխատանքներ:

ԾԻԳ ներկայացուցիչները փաստել են, որ կառուցվել են արտաքին եւ ներքին աստիճաններ ու թեքահարթակներ, անցկացվել են անհրաժեշտ կոմունիկացիաներ: Ընթացքի մեջ են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման եւ ներքին հարդարման աշխատանքները: Նշենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պահպանել է ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Երեւանի 3 եւ ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սեւանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում եւ Վաղարշապատում: