Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ եւ ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել են զինվորների բուժման ընթացքը եւ ընդգծել, որ վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնն իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։ Բուժօգնությունից մինչեւ հոգեբանական աջակցություն` բոլոր ծառայությունները, նաեւ կեցությունն ու որակյալ սնունդը զինվորական հաշմանդամություն ունեցողների համար անվճար են:

«Զինվորի տանն» ապահովվում է նաեւ հայրենիքի նվիրյալների ժամանցը, կազմակերպվում են ուսումնական ծրագրեր` նրանց սոցիալական ինտեգրման եւ զբաղվածության հարցերը լուծելու համար: Այս գործում իր ներդրումն է ունենալու նաեւ Պետական եկամուտների կոմիտեն:

Զինվորների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ` զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մաքսային ձեւակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից  եւ ընդունակություններից:

«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որեւէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ եւ համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար: