Հրապարակված նյութն ուղղակի հերյուրանք է, լրատվամիջոցի երևակայության արդյունք: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը:

“Սա երևակայության արդյունք է, որը կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից է շրջանառության մեջ դրվում մեկ նպատակով՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անունն ավելորդ անգամ շահարկելն ու շահարկման առարկա դարձնելը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այդ հրապարակումը հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում”,- ասաց նա:

Իվետա Տոնոյանն ավելացրեց, որ շատ լավ հասկանում է կոնկրետ  քաղաքական  շրջանակների անհանգստությունը ԲՀԿ-ի  աճող վարկանիշի, վերջերս Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացրած կենսունակ և իրատեսական ծրագրային դրույթների կյանքի կոչման հետ կապված մտավածխությունները, բայց կարող է միայն  բարեկամաբար խորհուրդ տալ նման էժանագին մեթոդներով չփորձել համեմել քաղաքական պայքարը.

“Եկեք հավատարիմ մնանք քաղաքական պայքարի սկզբունքներին և առաջնորդվենք բովանդակային դիսկուրսով, ոչ թե  նման շրիշակից ցածր լրատվական մանիպուլյացիաներով”,- հավելեց մեր զրուցակիցը:

VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ “Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է”, գրել էր մամուլը: