Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, եւ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք մեկնելու վճռականությունն ու հետեւողական քայլերը:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ապացույցն է հայ-ֆրանսիական ամուր բարեկամության, որը խարսխված է պատմական, մշակութային, քաղաքական լայն առնչությունների եւ արժեքների վրա: «Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս տարի հունվարին լրացավ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 20-ամյակը: Շատ կարեւոր հանգրվան էր նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ եւ հրամանագրով ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի պետական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը եւ պետական մակարդակով ոգեկոչումը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է բարեկամ Ֆրանսիային զորակցության համար», — ասել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար պատիվ է, որպես Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, վաղը՝ ապրիլի 24-ին, լինել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին եւ մասնակցել ոգեկոչման արարողություններին: Նրա խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Ֆրանսիան մասնակցելու է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատվիրակությունների մակարդակով, քանզի Ֆրանսիայում նույնպես զգում են հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը եւ զորակցություն հայտնում: Այդ մասին են վկայում ՖՀ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումը, արդեն 3 տարի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրումը եւ պետական մակարդակով ոգեկոչումը։ Պետքարտուղարը հայտնել է, որ Ֆրանսիայում եւս տեղի են ունենալու ոգեկոչման միջոցառումներ:

ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարեւորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը եւ հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը եւ ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարեւորվել են փոխադարձ ակտիվ շփումները:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը: