«Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մի հետաքրքիր նյուանսի մասին խոսեց, որը վերաբերում է 1967-73 թվականներին արված սահմանազատման մասին, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջև: Սահմանազատումը տևել է մոտ 6 տարի:

Մելքոնյանի խոսքերով, թուրքական կողմը պնդել է, որպեսզի այդ պայմանագրին կից հայտարարութան մեջ հստակ նշվի խորհրդաթուրքական սահմանի անխախտելիության մասին ու հիշատակվի Կարսի պայմանագիրը՝ որպես հիմք. «Խորհրդային պատվիրակությունը դիմադրել է շատ կարճ և համաձայնվել: Այսինքն, 1973 թվականի պայմանագրով վերահստատվել է հայկական տարածքների անօրինական փոխանցումը Թուրքիային: Այսինքն՝ վերահաստատվել է Կարսի պայմանագիրը»:

Թուրքագետը նշեց, որ հանձնաժողովում հայազգի գնդապետ է եղել՝ Գուրգեն Նալբանդյան անուն ազգանունով: Նա եղել է Հայաստանի ներկայացուցիչը: Գնդապետն ամեն կերպ փորձել է բարձրաձայնել, որ դա տեխնիկական պայմանագիր է, այստեղ քաղաքական կամ պատմական հղումներ թույլատրելի չեն:

Չհասնելով արդյունքի՝ բավական խիզախ գնդապետը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը, և այդ սահմանազատումը ենթադրող պայմանագրում չկա Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունը:

Դա կարևոր է, որ անգամ Խորհրդային Միության շրջանում խորհրդային պաշտոնյան այնքան համարձակություն է գտել իր մեջ, որ դեմ է գնացել քողարկված թուրքական սպառնալիքին»:

Մելքոնյանը խոսեց նաև Ցյուրիխյան արձանագրությունների մասին: Նա նշեց, որ այդ ժամանակ թուրքական կողմը պահանջել է, որպեսզի Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագրի ճանաչումը: Այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հրաժարվել է անել դա: