Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին`Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ հայ ժողովրդի անվտանգության համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը.

Այս գործողությունների հետեւանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգեւոր, կրթական, մշակութային եւ տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։

1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները եւ Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով եւ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները եւ ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։

Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար եւ արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջեւ:

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր եւս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը եւ դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։

Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ հայ ժողովրդի անվտանգության համար։

Հայոց ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի լիակատար բնաջնջումն էր։ Հայ ժողովրդի հավաքական ջանքերի, ցեղասպանության վերապրողներին աշխարհի տարբեր երկրների եւ ժողովուրդների կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ հայ ժողովուրդն արժանապատվորեն վերապրեց իր պատմության ամենամեծ արհավիրքը։

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում ցույց է տալիս արդարության եւ ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ եւս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները եւ տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ նրա նահատակներին։

Այդ պայքարը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ քայլեր ձեռնարկելու դրա հետեւանքների վերացման ուղղությամբ»։