Թուրքիայի Գերագույն խորհրդատվական խորհրդի նիստում Էրդողանի գլխավորությանբ քննարկվել են հարցեր, կապված նոր սահմանադրության, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների» հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը ամենաշատը մտահոգել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նա նշել է, որ անցյալ տարվա նոհեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի մասին համաձայնագիրը կարևոր հնարավորություն է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների նոր էջ բացելու համար:

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի դաշնակիցները, այդ թվում ՝ ԱՄՆ-ը, նույնպես կնպաստեն տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և չեն փորձի քաղաքականացնել և խեղաթյուրել պատմական իրադարձությունները։

Հուլուսի Աքարը նաև հոդված է գրել  RealClearDefense կայքի համար։ «Հայկական հարցը և Հարբորդի զեկույցը» հոդվածում նա նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն 1915 թվականի իրադարձությունները, մասնավորապես այն պատճառով, որ դա իր դոկտորական աշխատանքի թեման էր՝ «Հարբորդի ռազմական առաքելությունը Հայաստանի հարցով»։

«Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը մի շարք խմբավորումների և հայկական լոբիի ճնշման տակ գեներալ Հարբորդի գլխավորությամբ հետազոտական պատվիրակություն է ուղարկել Թուրքիա», գրել է հոդվածի հեղինակը։

Նրա խոսքով, գեներալի զեկույցում առկա էին փաստեր այն մասին, որ օսմանյան հայերը հոծ չեն բնակվել Թուրքիայի ոչ մի հատվածում։ Սակայն Աքարը չի խոսում այն մասին, որ հայերը հազարամյակներ շարունակ ապրում են ամբողջ այն տարածքում, որտեղ ստեղծվել է Թուրքիայի Հանրապետությունը։

«Հարբորդի զեկույցը կանխել է ամերիկյան մանդատի կամ նույնիսկ գաղութի ստեղծումը փլուզված Օսմանյան կայսրության տեղում», հայտարարել է Աքարը։

Փաստորեն Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, որի դոկտորական աշխատանքը վերաբերում է Թուրքիայի հանրապետության «հիմքերին»`1915 թ. իրադարձություններին։ Աքարը ակնարկում է, որ իրենց պետությունը կարող էր չլինել, եթե ԱՄՆ-ին հաջողվեր իրականացնել իրենց մանդատը կամ Վիլսոնի արբիտրաժը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որոշ ԶԼՄ-ների կարծիքով, պատրաստվում է արտասանել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին, և Թուրքիան սա ընկալում է որպես ուղիղ սպառնալիք իր անվտանգության համար։ Պոլսում համարում են, որ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հարցում կրկին կարող է ակտուալացնել ամերիկյան մանդատը։

Հիշեցնենք, որ Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ին չխոչընդոտել «Կովկասում նոր կարգի ստեղծմանը», որը Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու եւ Հայաստանի տարածքը մասնատելու Ռուսաստանի եւ Թուրքիայի համաձայնությունն է։