Թող դատի տա, ես պատրաստ եմ ապացուցել իմ բոլոր ասածները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին:

Հիշեցնենք, որ վերջերս 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պատերազմի ընթացքում հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է մի քանի ստորաբաժանում՝ զինվորներին հանելով առաջնագծից:

«Եթե առիթ ունենաք՝ Բաբայանին հարցրեք, թե քանի փամփուշտ են կրակել նրա ստորաբաժանումներից և որտեղ են խնդիր կատարել: Ես կարող եմ փաստել, որ մեծ վնաս են հասցրել առաջին գծի ստորաբաժանումներին : Ստորաբաժանումները ձևավորվել են թիկունքում, բայց որևէ խնդիր չեն կատարել, փորձել են Շուշիի օպերացիայի ժամանակ կիրառել, բայց հրաժարվել են կատարելուց»,-հարցազրույցի ժամանակ հայտարարել էր Մովսես Հակոբյանը:

Այսօր Սամվել Բաբայանն էլ արձագանքելով Մովսես Հակոբյանին, հայտարարել է, որ Մովսես Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում.

«ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել: Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ»,-ասվում է Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ԱԽ քարտուղարը իրավասությունի ունի պատերազմի ընթացքում նման հրամաններ տալու՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ ոչ չունի: