ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է երեք տարի, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը: Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ն ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում՝ Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: Օրինակ՝ իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից:

Ի դեպ, Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը.

⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականու­թյան և Արցախի անվտանգության ապահովումը:

⁃ Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը:

⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապա­հովումը:

⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը»: