Անվտանգության խորհրդի քարտուղար` Արմեն Գրիգորյանի հարցազրույցը կարելի է դիտարկել որպես Ռուսաստան այցելությունից առաջ PR-ի էլեմենտ և նախընտրական պայքարի PR-ի էլեմենտ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Նշենք, որ այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար ` Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել РИА Новости գործակալությանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քայլերը և հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը: Գրիգորյանը ընդգծել է, որ արցախյան հարցը լուծված չէ և, որ հայկական կողմը կանի ամեն ինչ, որպեսզի վերադարձնի Արցախի օկուպացված տարածքները:

Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների արձագանքը Ալիևի հայտարարություններին ուշացած են և ոչ համարժեք:

«Այդ արձագանքը համարժեք կլիներ, եթե հնչեր Ալիեւի հայտարարությունից անմիջապես հետո, այլ ոչ թե մի քանի շաբաթ հետո, Մոսկվայի այցից առաջ»,- ասել է Պողոսյանը:

Ըստ նրա՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ արցախյան հարցը լուծված չէ: «Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մենք պետք է դիտարկենք որպես նոր ժամանակավոր զինադադարի փաստաթուղթ: Այնպես, որ կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունների արձագանքը Ալիևի հայտարարություններին ուշացած են, շատ թույլ են և չեն ոգեշնչում հայությանը»- շեշտեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի խոսքերին, թե Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի վերադարձնեն Արցախի տարածքները՝ Թ.Պողոսյանի արձանագրմամբ ուղղակի սիրուն հայտարարություններ են:

«Նախ և առաջ պարզ չէ, թե Արցախ ասելով Գրիգորյանը ինչ սահմանների մասին է խոսում: Երբ Հայաստանի օրակարգում լինի Արցախի ճանաչման հարցը, մենք նոր կկարողանաք հասկանալ, թե իրենք ինչ սահմանների մասին են խոսում: Օրինակ, շատ խոսուն է նրանց հայտարարությունը. «Տեղ գյուղից հետո Ադրբեջան է»: Մենք այդպես էլ չլսեցինք նրանց մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Այս հարցազրույցը պարզապես պետք է դիտարկել որպես Ռուսաստան այցելությունից առաջ PR-ի էլեմենտ և նախընտրական պայքարից մեջ PR-ի էլեմենտ, — եզրափակեց Պողոսյանը: