Ոստիկաններն առավոտյան բերման են ենթարկել շուռնուխցուն, ով սեփական ձեռքերով այրեց իր տունը՝ թշնամուն հանձնելուց առաջ։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշականը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ կարմիր բերետավորներն այսօր առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին, թե ինչու՝ չգիտեն։

«Արարատ Աղաբեկյանը ուղիղ տասը օր է հիվանդ, անկողնային վիճակում է՝ ջերմություն ուներ և ներարկումներ էր ընդունում։ Կարմիր բերետավորները բերման են ենթարկել, տարել են պառկած տեղից, թե ո՞ր ուղղությամբ, թե ինչո՞ւ, ես չգիտեմ, ոչ մի բան չեն ներկայացրել ուղղակի վերցրել ու տարել են։ Աղաբեկանը միշտ էլ կոշտ արտահայտվել է վարչապետի հասցեին»,- ասաց գյուղապետը։

Արարատ Աղաբեկանը Գորիս համայնքի ավագանի է, նախորդ անգամ, երբ սպասվում էր վարչապետի այցը Շուռնուխ, Աղաբեկանը մասնակցել է ակցիային՝ Սյունիքի դարպասների պաշտպանութանը, բայց ապրիլի 21-ի բողոքի ակցիայի մասնակիցների շարքում չի եղել, քանի որ վատառողջ էր։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն ևս բերման կենթարկեն ինչպես Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, Մեղրիի ու Գորիսի փոխքաղաքապետերին, Արշակյանը նշեց, որ կարող են զանգահարել իրեն հարկ եղած դեպքում և ինքը կներկաանա։

«Ամեն ինչ հնարավոր է։ Այնպես չէ, որ ես գուղից բացակայում եմ, մաքսիմում գնամ մեր դաշտերում շրջեմ ու գամ։ Լինելու եմ գյուղում, եթե ցանկանան՝ կարող են զանգել, ես անձամբ կներկաանամ, մտածելու ոչինչ չունեմ ու չի էլ բացառվում»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: