Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները տեղյակ են դատախազության բողոքի մասին եւ նույնպես բողոքարկել են Առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Տեղյակ եմ, որ դատախազները բողոքարկել են դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի ապրիլի 6-ին ընդունած որոշումը:

Դատախազների բողոքը մենք դեռ չենք ստացել: Ենթադրում եմ, թե ինչի մասին կարող է լինել: Կարծում եմ, որ որեւէ իրավական հիմք պարունակել այն չի կարող: Քանի որ եթե Քրեական օրենսգրքում չկա հոդված, այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա չեմ կարող պատկերացնել, որ այս որոշման դեմ բողոքարկումը հիմնավորված լինի: Վերջնական դատողությունը կարտահայտեմ, երբ ստանամ բողոքի տեքստը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ մյուս մեղադրյալների՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալումը) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը հոդվածը Սահմանադրությանը ոչ համապատասխան է ճանաչել եւ այն չեղյալ է համարել: