Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ Հովսեփյանին ձերբակալել են մի հոդվածով, որը չէր կարող կիրառելի լինել, պայմաններն ապահովված չէին։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 07.15-ին իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից բերել են Երևան, ժամը 11-ին անձին բերել են ՔԿ, որտեղ փոխարենը ներկայացվի քննիչին, ոստիկանները եկել են «մասկի-շոու» անելով։

«Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն, որտեղ բարձրացնում են երրորդ հարկ՝ տապալելով գետնին։ Ինքը չի տեսել, թե ով է եղել»,- նշեց պաշտպանը՝ պատմելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Կարապետյանը հայտնեց, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։

«Նպատակը եղել է զուտ նսեմացնելը, նկարահանելը, ինչ-որ մեկին ցույց տալու համար։ Դա հիմնավոր ենթադրություն է։ Այսինքն՝ տարան նսեմացրին, որ ինչ-որ մեկը հագենա»,- նշեց պաշտպանը՝ տեղեկացնելով, որ դիմել են ՄԻՊ-ին, որի գրասենյակի ներկայացուցիչներին իր պաշտպանյալը մանրամասն ներկայացրել է կատարվածը, որոնք լսում էին և զարմանում, թե ինչ է կատարվել։

«Կոնկրետ իրենց պետք էր Գորիսի քաղաքապետի տեղակալը, ուրիշին չէին անի, հասկանալի պատճառներով այս մարդուց կարող էին վրեժ լուծել և արեցին»,- նշեց Կարապետյանը։

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ Հովսեփյանին խոշտանգելու դեպքի առթիվ, իսկ խոշտանգման հանգամանքը նաև ներկայացվել է ձերբակալման որոշման դեմ բողոքի շրջանակներում։

Անդրադառնալով ձերբակալման արձանագրության հիմքերին և նպատակներին՝ Կարապետյանը հայտնեց, որ նշվել է, թե խուլիգանություն է կազմակերպվել՝ չնշելով, թե ինչ խուլիգանություն, ասում են, թե ականատեսը մատնանշում է տվյալ անձին՝ որպես հանցանք կատարած անձի, մինչդեռ՝ իրականում գոյություն չունի՝ ոչ տվյալ ունեն, ոչ էլ՝ փաստարկ, գործում նման մարդ չկա։ Բացի դա՝ ձերբակալման արձանագրությունում առկա են նաև հակասություններ, մասնավորապես, որպես նպատակ է նշվել հանցանքի կատարումը խափանելը. «Այսինքն՝ մի տեղ գրել են, որ անձը հանցանքը կատարել է, ներքում գրում են, որ կատարած հանցանքը խափանելը։ Բնականաբար՝ այս նպատակն էլ առկա չէ»։ Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հիմքին, փաստաբանը նշեց, որ տուգանք կամ մեկ ամիս կալանք պատժատեսակից խուսափելու համար պետք է խուսափի՞ վարույթն իրականացնող մարմնից, ընդ որում՝ իր նկատմամբ ընդհանրապես կալանք պատժատեսակը կիրառելի չի կարող լինել։

«Ապօրինի գործողություններ են իրականացվում, նպատակը՝ պատժելն է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ իր նկատմամբ կատարվելիքն ապօրինի գործընթաց է. «Իր նկատմամբ կատարվելիքն ապօրինի գործընթաց է, մնացած փաստական տվյալներ ոչ հայտնել է, ոչ էլ ցանկություն կա, որովհետև այստեղ բան չկա, ինչի՞ մասին խոսքը»։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նշենք, որ սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել եւ հրապարակավ պատժել։