Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից կառուցում է կառավարման մի այնպիսի համակարգ, որը կոչվում է անձնիշխան կառավարման համակարգ:

Դա ոչ ժողովրդավարական համակարգ է, դրա էությունը կայանում է նրանում, որ ամեն ինչ պետք է լինի գլխավոր անձնիշխանի վերահսկողության ներքո, և ոչինչ չպետք է լինի այդ համակարգից դուրս: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցի դեմ սյունեցիների ընդվզումներին և դրանից հետո ակցիայի մասնակիցների դեմ իրականացվող հետապնդումներին:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլերով փորձում է իրեն ենթարկեցնել Սյունիքը.

«Հաշվի առնելով, որ Սյունյաց աշխարհը չի ենթարկվում վարչապետին և չի մտնում այդ անձնիշխան համակարգի մեջ՝ հիմա վարչապետը ցանկություն ունի ըմբոստ տարածաշրջանը բռնի ուժով ենթարկեցնել իրեն: Պատերազմից հետո որոշակի իրավիճակ է ստեղծվել,որ վարչապետը բավականին թուլացել է, անգամ թաքնված էր ման գալիս և իր կողմից կառուցվելիք համակարգը ճեղքեր էր տվել, հիմա համակարգի ճեղքերը փակելու համար նա պետք է իրեն ենթարկեցնի ըմբոստ մարզը, ինչը և փորձում է անել»,-ասաց քաղտեխնոլոգը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ իր դեմ կազմակերպված ակցիայից հետո երկրի ղեկավարը բացահայտ հրահանգ է տալիս զբաղվել այդ մարդկանցող, զրուցակիցը պատասխանեց.

«Վարչապետը երբեք չի փայլել քաղաքական էտիկետով, նա շատ բացահայտ կառուցում է իր անձնիշխան համակարգը, խնդիրն այն չէ, թե ինչ է ասում վարչապետը, խնդիրն այն է, արդյո՞ք ընդդիմությունը կարո՞ղ է դրան դիմադրել, թե՞՝ ոչ»,-ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ այս պահին բացի որոշ ճոռոմ խոսակցություններից որևէ լուրջ դիմադրություն չի տեսնում:

Իսկ թե արդյո՞ք սա փորձ էր սյունեցիների դիմադրությունը կոտրելու համար՝ զրուցակիցն ասաց.

«Սա կոնկրետ գործողություն էր սյունեցիների դիմադրությունը կոտրելու համար: Կա նաև երկրորդ տարբերակ՝ բանավոր պայմանավորվածությամբ կա Զանգեզուրի միջանցքի հարց, որի մասին Ալիևը խոսում է, քանի դեռ Սյունիքն ըմբոստ է, այդ միջանցքը չի կառուցվի, երբ այդ ըմբոստությունը վերացվի, նոր այդ միջանցքը կարող է կառուցվել,-ասաց փորձագետը:

Հնարավո՞ր է, որ նման երևույթները շարունակական լինեն նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում, փորձագետը կարծում է, որ եթե ընդդիմությունը կարողացավ գրագետ աշխատել, ապա վարչապետը լուրջ խնդիրներ կունենա մարզեր այցելելիս.

«Բայց եթե ընդդիմությունը քնած է, վարչապետի հետ համաձայնության է գալիս ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, ապա վարչապետը կրկին կարող է տարբեր մարզերում գաղտնի այցեր կազմակերպել, և ամբողջ ուժը կենտրոնացնի վարչական ռեսուրսի օգնությամբ ինչ-որ թվեր նկարելու մեջ»,-ասաց Բադալյանը:

Դիտարկմանը՝ որ սյունեցիների անվտանգային խնդիրները լուծելու փոխարեն ռեպրեսիվ միջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, քաղտեխնոլոգը նշեց, որ դա ամբողջովին մտնում է վարչապետի կողմից իրականացվող քաղաքականության մեջ.

«Վարչապետը չի առաջնորդվում երկրի շահերով, նա առաջնորդվում է իր անձնական շահերով, երկրի շահերը նրան չեն հետաքրքրում, նա երկիրը նույնականացրել է իր անձին և անձնական իշխանության հարցերն է լուծում»,-ասաց Արմեն Բադալյանը: