Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին հրավիրել են ոստիկանություն, բայց պարտադրել են, որ ոստիկանական մեքենան նստի: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

Նկատենք, մինչ այդ մամուլում գիշերը տեղեկություն էր տարածվել, թե ոստիկանությունը քաղաքապետին է փնտրում, ինչից հետո քաղաքապետը փաստաբանի հետ միասին ներկայացել են ոստիկանության բաժին, որտեղ ասել են, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու, ուստի գնացել են Մ.Զաքարյանի տուն:

Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները ներկայացել են ու նրան ոստիկանություն հրավիրել:

«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթայթել», նշել է փաստաբանը` ավելացնելով, որ թեեւ իր պաշտպանյալին «հրավիրել են» ոստիկանության բաժին, բայց պահանջել են, որ վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

«Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի», — նշել է նա:

Մ.Զաքարյանին ուղեկցել է մի քանի հարյուր ոստիկան: