Մեղրիի քաղաքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խուլիգանությունը՝ կազմակերպված խմբի կողմից՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով կազմակերպելու հատկանիշներով)։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Օնիկ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նշենք, որ սյունեցիները գաղտնի ժամանած Փաշինյանին դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Վերջինս անգամ չի կարողացել մուտք գործել Քաջարան և վերադարձել է Կապան՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգներ է տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կտրուկ քայլեր իրականացնել։

Արմեն Սամվելյանի փաստաբան Օնիկ Առաքելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են դատարան բողոք ներկայացնել՝ վիճարկելով ձերբակալման օրինաչափությունը։

Առաքելյանը տեղեկացրեց, որ ՔԿ-ում իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել կասկածանքի շուրջ՝ հայտնելով, որ որևէ հանցագործություն, որևէ արգելված գործողություն չի կատարել, իսկ իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումը զուտ քաղաքական բնույթի է։