Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրիլի 23-ին տեղի կունենա «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի  առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը՝ հավելելով, որ տեղի է ունենալու նաև հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակի բացման արարողություն:

«Այգու հիմնադրումը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ է իրականացվում: Առաջին շենքի շինարարությունն իրականացվում է «Դի Էս» ընկերության միջոցով: Աջակցում են նաև կազմակերպություններ ու անհատ նվիրատուներ»,- ասաց նախագծի հեղինակը:

Կարևորելով հետպատերազմյա ժամանակահատվածում հոգեբանական վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը՝ Արեենցը հայտնեց, որ նախատեսում են հոգեբանական վերականգնողական կենտրոններ բացել Հայաստանի մի քանի մարզերում և Արցախում:

«Հոգեբանական վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստանալու հնարավորություն կունենան առհասարակ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով հոգեկան շեղում են ստացել»,-ասաց Արեենցը:

«ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը  բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է այգի՝  ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ  և հոգեբանական աշխատանքի գրասենյակ: Միջնաժամկետ փուլում պատրաստվում ենք կառուցել երկհարկանի 3 շենք: Տեղ է լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար, որտեղ տղաները կսովորեն, հոգեբանական կենտրոնի շենքն է լինելու, որտեղ մասնագետներ կպատրաստվեն: Ամենավերջում նպատակ ունենք 1000 քառակուսի մետր տարածքով երկհարկանի հոգեբանական վերականգնողական կենտրոն ունենալ»,- հայտնեց Արեենցը:

Անդրադառնալով մասնագետների խնդրին՝ նա նշեց, որ դեռ  պատերազմի օրերից գերմանական և հունական, ինչպես նաև Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ արդեն սկսվել է մասնագետների վերապատրաստումը:

«Բանակցություններ ենք վարում Հայաստանի գիտությունների թեկնածու և դոկտոր հոգեբանների հետ, որոնք համախմբված հոգեբանական մեծ կլինիկայի համար մասնագետներ կպատրաստեն»,- ասաց Արեենցը՝ հավելելով, որ ձեռնամուխ են եղել նաև պետության հետ համատեղ լիցենզավորման գործընթաց սկսելուն, ինչի շնորհիվ  մասնագետներն իրավունք կունենան աշխատել նաև այլ կենտրոններում: