Համաշխարհային բանկը (ՀԲ) ծրագրում է ռեկորդային մեծ միջոցներ ծախսել կլիմայի փոփոխության հետ պայքարի միջոցառումների շրջանակներում այլ երկրներին օգնություն ցուցաբերելու համար՝ կոչ անելով առաջատար պետություններին հետեւել իրենց օրինակին: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ՀԲ-ի նախագահ Դեւիդ Մելփասը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի կազմակերպած կլիմայական վիրտուալ գագաթնաժողովում։

Նա պատմել է, որ Համաշխարհային բանկը մշակել է կլիմայի փոփոխության հետ պայքարում օգնություն ցուցաբերելու իր ծրագիրը։ «Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ ավելի շատ, փաստորեն, ռեկորդային գումարներ ծախսվի, որպեսզի առավելագույն արդյունք ստացվի։

Սա նշանակում է օգնել ամենամեծ արտանետումներով երկրներին հավասարեցնել ջերմոցային գազերի արտանետումների կորը եւ արագացնել նվազման միտումը: Դա նաեւ նշանակում է ադապտացման ռեկորդային ծախսեր ՝ մեր ֆինանսավորման ծավալի առնվազն 50 տոկոսը, որն ուղղված է կլիմայի փոփոխության հետ պայքարին, որպեսզի երկրներին օգնի պատրաստվել եւ հարմարվել կլիմայի փոփոխությանը», — նշել է Մելփասը:

Կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ կլիմայի փոփոխության հակազդեցության հետ կապված գործունեության ֆինանսավորման ծավալը ՀԲ-ի գծով «վերջին երկու տարում հասել է ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին»: «Մեր ծրագիրը նախատեսում է ծախսերի զգալի ավելացում՝ կենտրոնանալով արդյունքների վրա, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ակտիվ մոբիլիզացիա», — նշել է նա: 2016-ից մինչեւ 2020 թվականը բանկն այդ նպատակների համար 83 մլրդ դոլար Է հատկացրել, ընդ որում այդ գումարից 41,5 մլրդ դոլար է ուղղվել միայն 2019 թվականին: