Թուրքիան 2023 թվականին անօդաչու կործանիչի նախատիպի առաջին թռիչքն իրականացնելու մտադրություն ունի: Այս մասին հայտարարել է մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայրաքթար» ընկերության տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելջուկ Բայրաքթարը՝ այն բանից հետո, երբ Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հանելու մասին, հաղորդում է Sabah-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը շուրջ 5 տարի աշխատել է ժամանակակից Akıncı անօդաչու մարտական թռչող սարքի վրա, ինչը հանգեցրել է նրա հաջորդ նախագծին՝ անօդաչու կործանիչին: Նրա կարծիքով, չնայած երկրին թաքուն կործանիչի ծրագրից հանելը կարող է թերություն թվալ, բայց երկարաժամկետ հեռանկարում դա դրական հեռանկարներ կբացի ներքին պաշտպանական արդյունաբերության համար:

Բայրաքթարը հավելել է, թե «մենք խոսում ենք տասնյակ միլիարդավոր դոլարներ արժողությամբ նախագծի մասին՝ հաշվի առնելով գնումների, շահագործման եւ տեխնիկական սպասարկման ծախսերը»: Եւ չնայած Թուրքիային կարող է մինչեւ 20 տարի պահանջվել նույն հնարավորություններով օդանավ նախագծելու համար, նա ընդգծել է, որ ծախսերն «այնուամենայնիվ ավելի քիչ կլինեն, քան F-35-ի դեպքում»:

Բայրաքթարի խոսքով՝ 15-20 տարում F35 տիպի ինքնաթիռ արտադրելու փոխարեն ընկերությունը կկենտրոնանա այն ոլորտների վրա, դեպի որոնք շարժվում է աշխարհը` արհեստական բանականությամբ ավելի էժան անօդաչու մարտական ինքնաթիռների վրա։