Սյունեցիներն իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության արատավոր գործունեության հետեւանքները, եւ նրանք ունեն այդ բարոյական իրավունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վռնդելու Սյունիքից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այդ ֆոնին Ալիեւը անում է հայտարարություններ, կրկին խոսում է Սոյւնիքի միջանցքի, Զանգեզուրը վեձրցնելու մասին: Սրանք գոնե պատասխանեն Ալիեւին, մուռը հանում են սյունեցիներից: Այսօրվա ՔԿ-ի, ԱԱԾ-ի գործողությունները, այդ բռնությունները, որ կիրառում էին քննչական բաժնում, խայտառակություն է: Սրան հասարակությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը,կ որ Սյունիքում տեղի ունեցածը խուլիգանություն էր եւ այո, նրանց պետք է ստորացնելով բերման ենթարկեն, Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ պետք է պատժենք, պետք է ստորացնենք: Գալու է ժամանակը, որ իրենց ստորացնելու ենք մինչեւ վերջ այդ ողբերգության ու աղետի համար, որ բերեցին մեր ժողովրդի գլխին:Սյունեցիները պայքարում են իրենց հայրենիքի համար, դրա իրավունքը ունեն»:

Հարցին, թե որնէ  այս հանրահավաքի նպատակը, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց. «Մեր աջակցությունը հայտնելու ձերբակալվածներին, Սյունիքի մեր ժողովրդին: Մենք կշարժվենք նաեւ դատախազություն, որտեղ հստակ պահանջներ կհնչեցնենք: Այսօր քննչականում տեղի ունեցած այդ խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան, նաեւ դատական իրավական հետեւանքներով: Երեք տարի առաջ որ ասում էին՝ կփռենք ասֆալտին, հիմա սա է իրենց նպատակը, բայց ինքը չի հասկանում, որ վաղուց ինքն ու իր թիմն են փռված ասֆալտին: Իր գնալու ժամանակն է»: