Ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է ինքնադրսևորվել որպես տարածաշրջանային գերտերություն և ամենատարբեր ուղղություններով Ռուսաստանին մարտահրավեր է նետում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ռուս-թուրքական հարաբերությունների, խնդիրների, և հակասությունների աշխարհագրությունը շատ մեծ է։ Այդ ուղղություններն են թե՛ Հարավային Կովկասը, թե՛ Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, Լիբիան։ Միջազգայնագետի խոսքով գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս մարտահրավերները բերում են որոշակի ցնցումների.

«Բնականաբար ամբողջական լարվածություն ձևավորվում է այն հատվածում, որտեղ ՌԴ-ի և Թուրքիայի միջև լարվածություն կա։ Հաջորդ կարևոր խաղացողն ԱՄՆ-ն է, որի նոր վարչակազմն ավելի ակտիվ է լինելու տարածաշրջանում թե՛ որպես խաղացող, թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ։ Այսինքն` գլոբալ խաղն ավելի է սկսում լարվել՝ հաշվի առնելով բոլոր այս պետությունների շահերն ու հակասությունները»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Վերջինս նկատեց՝ Հայաստանն այժմ մի իրավիճակում է, երբ առհասարակ որևէ գործընթացի վրա չի կարող ազդեցություն ունենալ. «Ցավալի է, բայց երբ գլոբալ պրոցեսներ են տեղի ունենում, չենք կարող ազդել դրանց վրա։ Այդուհանդերձ կարող ես ունենալ ինչ-որ փոքր ազդեցություն, բայց Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի։ Հայաստանը հարմարվողականության քաղաքականություն է վարում։ Ցավոք սրտի հենց դա է, որ չի թողնում մեզ այս գլոբալ խաղում ինչ-որ առումով տեղաշարժվել»,-նշեց միջազգայնագետը։

Անդրադառնալով Զանգեզուրի, Մեղրիի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը բնականաբար նման հայտարարություններ կանի, եթե պատասխան չի ստանում. «Մեր երկրի ղեկավարը երբեք Ալիևին չի պատասխանում։ Պատճառը չգիտեմ, բայց բնական է, որ Ալիևը խոսում է և նրան ոչ ոք չի պատասխանում, հետևաբար շարունակելու է պահել այդ տեմպը»,-նշեց Սուրեն Սարգսյանը։

Դիտարկմանը, որ միևնույն ժամանակ Սյունիքի տարբեր համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցում և բերման ենթարկում, Սուրեն Սարգսյանը դա տրամաբանական համարեց՝ նկատելով, որ երկրի ղեկավարի ուժը միայն ներսում է պատում. «Դրսում չկարողացածը փորձում է ներսում կիրառել։ Սա է ամբողջ պատկերը»։

Սուրեն Սարգսյանը նաև չբացառեց, որ Ալիևի հայտարարությունների և Արցախի, Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների ֆոնին իշխանությունները հնարավոր է հրաժարվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից. «Չեմ բացառում այդ սցենարը, հատկապես այն դեպքում, որ ընտրությունների գնալու վերաբերյալ հայտարարություն չի եղել։ Եղել է ինչ-որ ֆեյսբուքյան գրառում, որին չենք կարող լուրջ վերաբերվել։ Դրա համար էլ բոլոր քաղաքական ուժերը եթեներով են խոսում։ Որևէ հստակություն չկա»,-ամփոփեց միջազգայնագետը։