Հայաստանի շուրջ սեղմվում է օղակը, սեղմվում է աշխարհաքաղաքական հաշիվ փակելու պահը եւ Արցախը միայն առաջին ճաշատեսակի հաշիվն էր, ամբողջ հաշիվը դեռ չի եկել. «գարյաչիի» եւ «դեսերտի» հաշիվը վճարվելու է ՀՀ տարածքով, Սյունիքով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, պատահական չի, որ Սյունիքի շուրջ այսօր այսպիսի համաշխարհային ուշադրություն կա. «Սյունիքը այն հարթակներից մեկն է, որտեղ գնում է Արեւելք-Արեւմուտք պայքարը, Թուրքիա-Ռուսաստան պայքարը, որտեղ Չինաստանը, Իրանը իրենց շահերն ունեն, իսկ մենք ընկել Հայաստանի իշխանության դեմ ենք պայքարում: Մենք ստիպված պայքարում ենք թուրքի շահ սպասարկող վարչապետի աթոռի հետ խաչասերված սրիկայի դեմ: Սա անտանելի ցավ է: Սա աշխարհաքաղաքական հանրահավաք է, որովհետեւ այսօր Սյունիքը աշխարհի քարտեզում ունի կարեւորագույն նշանակություն»,-ասաց Աշոտյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ Սյունիքում տեղի ունեցածը հայտնի շրջանակներն են կազմակերպել, որ սա սադրանք էր, Աշոտյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում սադրանք: Մարդկանց հողերը տվել ես խալխին, մարդկանց երեխեքին սպանել ես խալխի միջոցով: Էտ երեխեքի մի մասին չես գտել, չես վերադարձրել: Գիշերը գնում ես էտ մարդկանց տուն ու ի՞նչ ես մտածում, որ պետք է  մի հատ էլ ոտքերդ տաք ջուր դնեի՞ն:

Ես այլևս որևէ բանի վրա չեմ զարմանում: Այս իշխանությունը չունի թասիբ, արժանապատվություն, խելք: Այս իշխանության միակ գերակա նպատակը վերարտադրվելն է, որպեսզի կարողանա շարունակել Հայաստանը մատաղ անել քարտեզի վրա համաշխարհային գերուժերին»: