Ապրիլի 19-ի դրությամբ մոտ 300 քաղաքացի պատվաստվել է «Աստրազենեկա» եւ «Սպուտնիկ V» տեսակի պատվաստանյութերով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարցրել էինք, թե պատվաստված անձանց մոտ բարդություններ արձանագրվե՞լ են, հոսպիտալացվածներ, մահեր կա՞ն, ինչի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, ապա հերքվում։ ԱՆ մամուլի խոսնակը հավաստիացնում է՝ ոչ մի հոսպիտալացում չկա, բարդություն պատվաստվողների շրջանում առկա չէ։ «Բոլոր պատվաստված քաղաքացիների հետ պոլիկլինիկաների իրենց բժիշկները հետադարձ կապ են պահում, ոչ մի խնդիր չի արձանագրվել»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում սկսվել են ապրիլի 13-ից։ Դրան նախորդած կիրակի Հայաստան էր մտել 24 հազար դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ եւ որոշակի քանակությամբ՝ նաեւ «Սպուտնիկ V»։ Տեղեկացրել էինք, որ «Աստրազենեկայի» պահպանման ժամկետն ավարտվում է մայիսի վերջին, այսինքն՝ պատվաստումները կարող են անել մինչեւ մայիսի 31-ը՝ ընդամենը 45 օր, հետեւաբար, օրական պետք է իրացվի առնվազն 500-600 դեղաչափ պատվաստանյութ։ Չնայած այն բանին, որ պատվաստվել է ընդամենը 300 քաղաքացի, ԱՆ-ից վստահեցնում են, որ ժամանակացույցից չեն շեղվել եւ ամեն ինչ հասցնում են։ Պատվաստման ընթացքը պատկերացնելու համար նշենք, որ ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել էր 60 քաղաքացի, մյուս 4 օրերին՝ 240։ Կա՞ն մարդիկ, որոնք ընդդիմանում են «Աստրազենեկա»-ին։ ԱՆ մամուլի քարտուղարն ի պատասխան հիշեցրեց, որ Հայաստանում պատվաստվում են կամավորության հիմունքներով, եւ, հետեւաբար, ընդդիմանալու խնդիր չկա։

Իսկ եթե, այնուամենայնիվ, քաղաքացին չի ուզում «Աստրազենեկա», որը շարունակում է արգելված մնալ եվրոպական մի շարք երկրներում… ԱՆ մամուլի քարտուղարն ասաց․ ««Սպուտնիկ V»-ն նախատեսված է քրոնիկ հիվանդություններ ունեցող 18-54 տարեկան քաղաքացիների համար, «Աստրազենեկայով» 55 տարեկանից բարձր եւ խոցելի խմբերում ընդգրկված քաղաքացիներն են պատվաստվում»։

Զրուցեցինք առողջապահական կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանի հետ, որը մշտապես «մոնիթորինգի տակ է պահում» առողջապահության նախարարությունը․ պատվաստման հետ կապված բողոքներ լսե՞լ է։ Ասաց, որ իրոք շատ խստիվ պահպանում են սահմանված կանոնները։ «Դեռ շուտ է խոսել պատվաստումների ընթացքի մասին, դեռ նոր-նոր է սկսվել, սպասենք՝ տեսնենք ինչ ընթացք է լինում»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։

Իհարկե, մարդիկ նաեւ չեն մոռանում այն, որ առողջապահության նախկին նախարարն ու նոր նախարարի մայրը պատվաստվել են «Սպուտնիկով»։