ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից 35-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Նիստի մեկնարկին վարչապետը հայտարարեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել:

«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել», — ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արձագանքեց, որ անցյալ տարվա համեմատ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերը ավելացել են 2500-ով:

«Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 7,5 միլիարդով: Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 5 հարյուր, որը 2020 թվականի նկատմամբ՝ ավել է 12 հազարով», — ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ ավելացած աշխատատեղերի մեջ կան ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ ստվերից դուրս եկած աշխատատեղեր. «Ապրիլին 2019-ի համեմատ ապրանքաշրջանառության եւ գործարքների քանակով այն աճել է 20-22 տոկոսով: Ստվերի հատվածը մեծ է, քանի որ ունենք հսկողական աշխատանքներ, որտեղ թվային պատկերները հստակ են»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:

ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա։

«Ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն։ Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», — ընդգծեց Հովհաննիսյանը:

Վարչապետն ասաց, թե 2018 թվականի նկատմամբ՝ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի հետևանք է:

«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ։ Սա խոսում է այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբերության սպասում ենք վիճակագրության կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ տվյալներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով», — ասաց նախարարը: