Ես իրավապահների ներքին զեկույցներին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ իրեն զեկուցել են, որ այ պարոն կապիտուլյանտ, մի՛ արի Այունիք, սյունեցին քեզ չի ուզում տեսնել։ Այս մասին կառավարական ամառանոցների մոտ ցույցի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ոստիկանապետերին հանել էին եւ այդ մարդկանց թվացել էր, թե մեծ ոստիկանական շքախումբ կտանեին ու նորմալ կլիներ, բայց այդպես չի իրավիճակը։ Այդ մարդը սպառնալիք  է մեր ազգային անվտանգությանը։ Եվ եթե Երեւանի կենտրոնում, որոշ մարզերում շատ մարդիկ առարկայորեն չեն զգում այդ խնդիրը, սյունեցին ամեն օր է տեսնում, որ Շուռնուխի կեսը տվել է, որ A կետից B կետ թուրքի վերահսկողության տակ անցած տարածքով է անցնում, որ Մեղրիով ճանապարհ է տալու։ Ինչքան ուզում են՝ զառանցեն, ասեն, թե Մեղրիով միջանցք չկա, բա այդ դեպքում Նախիջեւանից Ադրբեջանի արեւմտյան տարածք ճանապարհը ո՞նց է գնում», ասել է Է․Շարմազանովը։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանում իշխանություն գոյություն չունի․

«Որովհետեւ իշխանությունը պաշտպանում է պետության ու քաղաքացիների շահերը, իսկ սրանք, այս կապիտուլյանտներն ու հողատուները իրենց քննադատողներին սադրիչ են անվանում։ Եթե  իրենց աղուհացով են դիմավորում՝ ՀՀ քաղաքացիներ են, իսկ նրանք, ովքեր քննադատում են՝ սադրիչներ ե՞ն։ Քանի՞ գրոշ արժի այդպես ապրելը։ Մեր որեւէ ղեկավար նման վիճակում չի հայտնվել», ասել է ՀՀԿ ներկայացուցիչը։