Սյունեցիների բողոքը և ընդվզումը բնական եմ համարում, այն, ինչ այս իշխանությունն արեց Արցախի հետ, Սյունիքի հետ, դա ազգային դավաճանություն է, հանցագործություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին և սյունեցիների ընդվզումներին՝ ընդդեմ Փաշինյանի այցի:

«Սյունեցիներն ուղիղ իրենց մաշկի վրա են զգում անհեռատես քաղաքականության և այդ համաձայնության պտուղները, քանի որ 20-30 տարի Ադրբեջանը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է եղել սյունյաց դարպասից, այժմ GPS-ով և Google map-ով տեղորոշված սահմանը Սյունյաց սահմանին է, մտել է մարդկանց բնակարաններ, հողատարածքներ, հետևաբար սյունեցիների բողոքը ես բնական եմ համարում: Ինձ համար անհասկանալի է այն «պադոշ երես» համառությունը, որով երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը ազդում է մարդկանց զգացմունքների, հույզերի վրա, ինձ համար անբացատրելի էր, նա ի՞նչ գործ ուներ այնտեղ, որտեղ իրեն չէին սպասում»,-ասաց Խաչիկ Գալստյանը:

Վերջինս չբացառեց, որ սյունեցիների ընդվզումը ճնշելու նպատակով ռեպրեսիվ մեխանիզմներ և ուժային լծակներ գործի կդրվեն, լինեն ձերբակալություններ.

«Իշխանությունը ռեպրեսիվ լծակներն ամբողջ ուժով գործի է դրել, ընտրություններից առաջ այդ ռեպրեսիվ մեքենան ավելի հուժկու է աշխատելու, չեմ զարմանա, եթե Փաշինյանի այցից հետո էլ տեսնենք ձերբակալությունների շղթա, նա կփորձի ժողովրդի դիմադրությունը, ընդվզումը ուժային բիրտ ճնշումներով կոտրել, բայց վստահ եմ՝ չի ստացվի: Սյունիքը բացառիկ մարզերից էր, որի համայնքապետերը հանդես են եկել Փաշինյանին դատապարտող և նրա հրաժարականը պահանջող հայտարարություններով, անցած անգամ հիշում եք՝ սյունեցիները չթողեցին մտնի Սյունիք, այս անգամ էլ գիշերը գաղտագողի հասցրել է տարբեր համայնքներում շրջել, բայց այն գնահատականին, որին արժանացավ, սա սյունեցիների հավաքական գնահատականն է վարչապետի պաշտոնը զբաղեցնել: Չեմ բացառում, որ նա կարող է գնալ ձերբակալությունների, փորձի մարդկանց դիմադրությունը կոտրել, բայց յուրաքանչյուր ուժ հանդիպում է հակաուժի և, այդ կոշտ միջոցները հակադարձ ազդեցություն կարող են ունենալ »,-ասաց Խաչիկ Գալստյանը:

Իսկ թե որևէ՞ կապ տեսնում է Ալիևի՝ Զանգեզուրի վերաբերյալ վերջին հայտարարությունների և Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի միջև, զրուցակիցն ասաց.

«Կարելի է այդպիսի կապեր գտնել, բայց պատերազմը տանուլ տալուց հետո, Նիկոլ Փաշինյանը ո՛չ միջազգային քաղաքականության, ո՛չ ներքաղաքական որևէ իրադարձության վրա որևէ ազդեցություն չունի, նրան ո՞վ է բանի տեղ դնում կամ հաշվի առնում: Այն որ Փաշինյանն այցելել է Սյունիք, սպասենք վատթարագույն սցենարների, նրանից ամեն ինչ սպասելի է , այլապես Սյունիք այցելելու իմաստը ո՞րն է, բացի զուտ PR- վելուց, քաղաքական քարոզարշավը շուտ սկսելուց և թաքնված բաներից, որի մասին մենք չգիտենք, ինչպես չգիտեինք, որ կա գաղտնի փաստաթուղթ, որը գաղտնազերծեցին վերջերս, այնպես որ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է»,-ասաց Խաչիկ Գալստյանը: