Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ապրիլի 21-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44- օրյա պատերազմի ընթացքում 50 զոհ է տվել: Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջև ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործը առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու կոչով է դիմել համալսարանականներին: Նա շեշտել է, որ բուհն անպայման պետք է պահպանի «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին:

Արցախի Ազգային ժողովից նաև հայտնում են, որ պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարևորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն է։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը: