Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ «Ա1⁺»-ը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ։

-Տիկին Սահակյան, վերջին օրերին ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում բարձրացվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Ի՞նչ եք կարծում այս քննարկումները գերիների վերադարձի գործընթացին ի՞նչ օգուտ կարող են տալ։

-Կարծում եմ՝ կարող են նման կառույցները դառնալ դերակատարներ, այլ կոնֆլիկտներում բավականին արդյունավետ ներգրավվածություն են ունեցել, իրական արդյունքներ են ապահովել։ Ուղղակի կախված է նրանից, թե իրենց մանդատի շրջանակներում ո՞ր գործիքներից կօգտվեն և ի՞նչ լրջությամբ, հետևողականությամբ կզբաղվեն խնդրով։ Առնվազն  երեկվա քննարկումների առնչությամբ կարող եմ ասել, որ մեծ սպասումներ չկան, որովհետև ընդամենը քննարկման ընթացակարգն էր  կիրառվել, որը ապահովում է հարցի առնչությամբ քննարկումներ և արդյունքների հանրայնացում, բայց հետագայում որևէ լրջագույն գործընթացի տեղ չի թողնում։ Որոշ այլ գործընթացների արդյունքում կարող են դրվել ընդհուպ մինչև  պատասխանատվության միջոցների, անդամակցության կասեցման հարցեր ։

-Արդյո՞ք միջազգային հանրությանը հասել է այն ազդակը, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին իր մոտ պահում է ապօրինի։

-Կարծում եմ՝ տեղեկատվական հարցը լուծված է, իհարկե, որոշ նրբությունների կարող են չտիրապետել և մարդասիրական աղետի բոլոր դրսևորումներին տեղյակ չլինել, բայց, առնվազն այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա ռազմագերինի խնդիրը, որը միտումնավոր չի լուծվում և մարդասիրական հարցերը անտեսվում են Ադրբեջանի կողմից, սա հստակ է։ Դեռևս տեղեկացումը չի կարող գործողությունների մղել, անհրաժեշտ է հավելյալ դիվանագիտական, քաղաքական աշխատանք, որտեղ ձեռնարկվող գործողությունները կարող են առնչվել մեկ կամ մի քանի պետությունների շահերին։ Որպեսզի քաղաքական գործիչները հանուն հայերի իրավունքների պաշտպանության «վնասեն» Ադրբեջանի կամ նրան սատարող երկրների շահերը, պետք է իմաստավորեն իրենց գործելակերպը, որը կարող է բացառապես տեղի ունենալ քաղաքական և դիվանագիտական ակտիվ աշխատանքի արդյունքում։

-Ի՞նչ նոր տեղեկատվություն կարող եք հայտնել ՄԻԵԴ-ում քննող ռազմագերիների վերաբերյալ գործից։

-Մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՄԻԵԴ-ի  հետ միաժամանակ խնդրով զբաղվի նաև Նախարարների կոմիտեն, քանի որ Ադրբեջանը դատարանի հետ պատշաճ չի համագործակցում և չի պահպանում դատարանի կողմից սահմանված վերջնաժամկետները գերեվարված անձնաց առնչությամբ տեղեկություններ տրամադրելու մասով։ Իհարկե, դատարանը հարցը արդեն ծանուցել է Նախարարների կոմիտեին, բայց իր բնականոն դատական գործընթացները շարունակում է, կոմունիկացիաներ են լինում, նոր տեղեկատվության փոխանակում և այլն, այսինքն՝ իրավական գործընթացը շարունավում է, ինտենսիվ փուլում է,  դրան զուգահեռ, մենք սպասում ենք՝ ինչպիսի նոր արդյունքներ կարձանագրվեն Նախարարների կոմիտեում, որտեղ պաշտոնապես ներկայացված է ՀՀ-ն Արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Պետք է տեսնենք՝ արդեն դատարանի գործողությունների հիման վրա ի՞նչ արդյուքներ կկարողանա ապահովել մեր դիվանագիտական կորպուսը։

-Իրավական գործընթացներում շոշափվո՞մ են ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե այլևս ադրբեջանում պահվող ռազմագերիներ չկան, նրանք դիվերսանտներ են։

-Այս հայտարարությունները իրավական գործընթացներում  քննարկման առարկա կարող են դառնալ այնքանով, որքանով դրանք դառնում են պաշտոնական դիրքորոշումներ ՄԻԵԴ-ում։ Այս տեսանկյունից կա անհամապատասխանություն․ որոշ դիրքորոշումներ, որոնք Ադրբեջանը հրապարակային ներկայացնում է, չեն արտացոլվում պետության իրավական դիրքորոշումներում և հասկանալի է, որ եթե չեն դարձել իրավական պաշտոնական դիրքորոշումներ, մենք անտեսում ենք, որովհետև հասկանում ենք, որ դրանք քաղաքականության մեջ արտաքին և ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են, որոնք իրավական գործընթացներում չեն ներկայացվում և որևէ իրավական հետևանք չունեն։

-Ձեր հաշվարկներով այս պահին Ադրբեջանում պահվող քանի՞ ռազմագերի և քաղաքացիական անձ կա։

-Մեր հաշվարկներով մենք ունենք 120-ին մոտ հստակ ապացուցված անձանց գերեվարման դեպքեր և մոտ 80-ին մոտ անուղղակի ապացույցներով դեպքեր։

-Քանի՞սն են հաստատվել Ադրբեջանի կողմից։

-70-ից մի փոքր ավել։