Ոչ թե Գլխավոր դատախազությունն է հանձնարարել ոստիկանությանը քրեական գործ հարուցել այն սյունեցիների հանդեպ, որոնք բողոքել են վարչապետի այցի դեմ, այլ Փաշինյանն է հանձնարարել դա Դատախազությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ գաղտնի այցելել է Սյունիք, իսկ այսօր փորձել մի քանի համայնքներում՝ Ագարակում, Մեղրիում, Կապանում հանդիպումներ ունենալ, սակայն նրան դիմավորել են հայհոյանքներով, սուլոցներով, «թուրք» վանկարկումներով։ Իսկ Քաջարան ընդհանրապես չի կարողացել մուտք գործել, քանի որ հիմանական ճանապարհը բնակիչները փակել էին։

Կապանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ դատախազը Փաշինյանին զեկուցել է, որ հարուցվել է քրեական գործ՝ բողոքի ակցիաների կապակցությամբ։

Իշխանյանը նշեց, որ դատախազությունը Հայաստանում ինքնուրույն մարմին չէ, այլ հնազանդ ենթարկվում է վարչապետին, ինչպես նաև ոստիկանությունը, ԱԱԾ և քննչական մնացած մարմինները:

«Ես չեմ ուզում խորանալ այդ հնարավոր քրեական գործերի օրինականության մեջ, քանի որ դա անիմաստ է, Հայաստանում օրինականություն և օրենք, որպես այդպիսին, չկա, գործում են միայն հանձնարարությունները և վարչապետի կամքը: Այնպես, որ այս ամենը, պետք է այս հարթության մեջ դիտարկել: Իրավապահ բոլոր կառույցները աշխատում են որպես վարչապետի թիկնազոր: Փաշինյանը չի կարող հանդուրժել երբ ինչ-որ մարդիկ, կամ խմբեր իրեն չեն ընդունում: Նա որոշում է այդ մարդկանց պատժել», — շեշտեց իրավապաշտպանը:

Նա նաև նկատեց, որ Փաշինյանին չի հետաքրքրում երկրի անվտանգությունը և մարդկանց անհանգստությունը իրենց Հայրենիքի հանդեպ:

«Փաշինյանին հետաքրքրում է միայն իր իշխանությունը: Նա թքած ունի մնացած ամեն ինչի վրա: Այս ամբողջ պատմության մեջ օրինականություն փնտրել անիմաստ է», — եզրափակեց Իշխանյանը: