Ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր.օր-ի 185 հոդվածի 1-ն մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Shamshyan.com-ի  հաղորդամբ, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 9-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Լիլիթ Ադյանին պատկանող Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին եւ քրեական գործի շրջանակում կա կասկածյալ, ով Վարդենիսի բնակիչ է։

Տուժած մեքենայատիրոջ ընտանիքի հետ ինչ-որ անձինք էլ բանակցություններ են վարում՝ խոստանալով փոխհատուցել պատճառված վնասը, միայն թե բողոքը հետ վերցնի ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները մարել էին Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։ Պարզվել էր՝ այրվել էր ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, եւ բեռնախցիկի հատվածը, այն դարձել էր ոչ շահագործելի։

Ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրեւ ավտոմեքենան անսարքության հետեւանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել եւ այն հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ եւ շնորիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել»։